Հիմնադրվել է 1996թ., Երևնում, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ: 2009թ. երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախումբ: Բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: «Գերմանիայում հայ մշակութային օրերի» շրջանակներում երգչախումբը փայլուն ներկայացրել է Կոմիտասի վերականգնված պատարագը, ինչպես նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունները Բոննում, Հալլեում, Վիտենբերգում և Մագդեբուրգում, ապա Սիրիայում և Լիբանանում (1998թ.): 1999թ. երգչախումբը ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» (Ars Poetica) կոնցերտի պրեմիերան և ձայնագրել ձայնասկավառակ։ Երգչախմբի հետ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ՝ ջութակահար Քիմ Քաշքաշյանը, սաքսոֆոնահար Յան Գարբարեկը, «Լա Սկալա» թատրոնի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու երգչախումբը՝ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, «Frankfurter Kantorei»-ն՝ Ուինֆրիդ Թոլի ղեկավարությամբ։ «Լույս ի լուսո» նախագծի շրջանակներում ականավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է դաշնամուրի և երգչախմբի համար դաշնակահարի մշակած հոգևոր երաժշտության ալբոմը (2014թ., ECM Records): 2015թ. Տ.Համասյանը և երգչախումբը բազմաթիվ հյուրախաղեր են ունեցել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ Թուրքիայում և Վրաստանում: Երգչախումբն առաջին անգամ կատարել է Կոմիտասի «Բեռլինյան պատարագը» (2012թ.), Կարա Մուրզայի առաջին բազմաձայն պատարագը (2013թ.) և Ա.Այտնյանի և Ջ.Բյոմի «Մխիթարյանց պատարագը» (2014թ.): Երգչախումբը թողարկել է 16 ձայնասկավառակ, այդ թվում՝ «Կոմիտաս վարդապետի երաժշտությունը» ձայնասկավառակը, որը Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայ երաժշտության մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակին: 2021թ-ից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը Քրիստինա Ոսկանյանն է։ 2022թ. երգչախումբը մասնակցություն է ունեցել Լեհաստանում անցկացվող ամենամյա միջազգային «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնին, որ թվով 41-րդն էր: Համերգներ է ունեցել Վարշավայում Սբ. Երրորդության ավետարանական Աուգսբուրգ եկեղեցում և Բելիստոկ քաղաքի ֆիլհարմոնիայի և օպերայի դահլիճում: Փառատոնի ավարտին երգչախումբն արժանացել է 1-ին մրցանակին՝ պրոֆեսիոնալ երգչախմբեր անվանակարգում: