Հիմնադրվել է 1937թ. նոյեմբերի 15-ին, Երևանում՝ Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում» պիեսի ներկայացմամբ։ 1938թ. կոչվել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվամբ։ Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարն է եղել Լևոն Քալանթարը։ Խաղացանկը նախապես հիմնվել է ռուս դասական և ժամանակակից դրամատուրգիայի գործերի վրա։ 1950-70-ական թվականներին գործունեությանը բնորոշ է թատրոնն արդիականացնելու միտումը։ Բեմ են բարձրացվել նաև արտասահմանյան՝ դասական ու ժամանակակից հեղինակների (Վիլյամ Շեքսպիր, Ֆրիդրիխ Շիլլեր, Կառլո Գոլդոնի, Լոպե դե Վեգա, Է․ դե Ֆիլիպպո, Հենրիկ Իբսեն, Ջ․Պրիստլի, Բեռնարդ Շոու, Կարել Չապեկ) երկերը։ Ներկայացումներին հյուրախաղերով մասնակցել են ռուս ականավոր դերասաններ Ա․Գրիբովը, Մ․Ցարյովը, Ի․Իլյինսկին, Վ․Մարեցկայան, Յ․Բորիսովան և ուրիշներ։ Թատրոնում մեծ ներդրում են ունեցել ռեժիսորներ Լևոն Քալանթարը, Արշակ Բուրջալյանը, Արմեն Գուլակյանը, Վավիկ Վարդանյանը, Վ․Ակսյոնովը, Ա․Ռիդալը, Լ․Լուկկերը, Օֆելյա Ավետիսյանը, Յ․Կրակոպոլսկին, Բ․Ֆիլիպովը, Լ․Բրոշկևիչը, նկարիչներ՝ Սերգեյ Արուտչյանը, Կ․Մինասյանը, Մ․Գայֆեճյանը, Ա․Չիլինգարյանը, Ա․Շաքարյանը, դերասաններ՝ Նիկոլայ Տեր-Սեմյոնովը, Ս․Սուդբինինը, Ն․Նատալևսկայան, Զ․Գուլևիչը, Արմեն Ջիգարխանյանը, Վ․Դոբրովոլսկին, Ա․Պավլիդին, Ն․Շելեխովան, Ն․Կեմարսկայան, Օ․Լաբունսկայան, Յ․Վաննովսկին, Ի․Գրիկուրովը, Ա․Պրոստակովան, Ա․Սումարոկովը։ Ա․Անկիլովի «Զինվորի այրին» ներկայացման համար ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը, նկարիչ Սերգեյ Արուտչյանը, դերասաններ Գուրգեն Գենը, Ն․Եգորովան, Յ․Կոլեսնիչենկոն, Յ․Ռիչկովը 1975թ. արժանացել են ՀՀ պետական մրցանակի։ Երկար տարիներ թատերախմբի կազմում են եղել Լեյլի Խաչատրյանը, Իրինա Մարչենկոն, Սերգեյ Մաղալյանը և ուրիշներ: Թատրոնի հիմնական խնդիրն է ռուս դասական գրականությունը հանդիսատեսին ներկայացնելը, ինչպես և հայ դրամատուրգների գործերի բեմադրությունը։ Այս թատրոնից է բեմական գործունեությունն սկսել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։ 1969-2017թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել Ալեքսանդր Գրիգորյանը, տնօրենը՝ դերասան Ֆրեդերիկ Դավթյանը։ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բրեստում, Սարանսկում և շատ այլ քաղաքներում թատրոնը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և արժանացել «Գրան պրիների» ու առաջին մրցանակների։ 2009թ. Սանկտ Պետերբուրգի միջազգային փառատոնում թատրոնը նվաճել է առաջին մրցանակ։ Խաղացանում են եղել Տուր եղբայրների և Շեյնինի «Առերեսում», Կ․Տրենյովի «Լյուբով Յարովայա», Ն․Պոգոդինի «Արծաթե ձորակ», «Արիստոկրատներ», Ա.Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ», «Վերջին զոհ», Մ.Գորկու «Թշնամիներ», Ա․Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Կ․Սիմոնովի «Սպասիր ինձ», Ա․Անկիլովի «Զինվորի այրին», Մուրացանի «Ռուզան», Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», «Պատվի համար», Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» բալետը և այլն: 2017թ. թատրոնը ստացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր: Թատրոնի տնօրենն է դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը, գեղարվեստական ղեկավարը՝ բեմադրիչ Կարեն Ներսիսյանը: