Հիմնադրվել է 1935թ. հունիսի 1-ին, Երևանում և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից՝ բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքելյանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938թ-ից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը, առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1936-37թթ թատրոնը գործել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937թ. թատրոնը մասնակցել է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս.Բեջանյան) և արժանացել է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1938թ. Լևոն Քալանթարը բեմադրել է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940թ. Տիգրան Շամիրխանյանը՝ «Եղեգնուհին»։ Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականացման հեղինակը Վարդան Աճեմյանն էր։ 1939-44թթ ունեցել է նաև ռուսական բաժին։ Թատրոնում բեմադրություններ են տվել նաև Գ․Խաժակյանը, Գ․Մուշեղյանը (գեղարվեստական ղեկավար՝ 1946-51թթ), Հ․Գյոզալյանը։ 1950թ. թատրոնը փակվել է, 1951-57թթ ստեղծագործական կազմը գործել է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ 1957թ. հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվել է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պողոտայի թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվել Երվանդ Մանարյանը (1957-59թթ), նկարիչ՝ Ֆլորա Գրիգորյանը։ 1960թ. թատրոն է եկել ռեժիսոր Մանյա Ասլանյանը, ով 1961-78թթ եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ գլխավոր նկարիչը՝ Արամայիս Սարգսյանը։ Բեմադրվել են «Կարմիր գլխարկ», «Ոսկե բանալին», «Թոմ Սոյերի արկածները», «Օլե-Լուկոյե», «Գառնիկ ախպեր» և շատ այլ ներկայացումներ։ 1970-ականներից թատրոն են եկել նաև երիտասարդ դերասաններ՝ Արշակ Պողոսյանը, Արա Հակոբյանը, Նունե Վարդանյանը, Մնացական Փիլոյանը, Պետրոս Խաչիկյանը, Գագիկ Ռոստոմյանը և այլք։ 1976թ. Մանյա Ասլանյանը բեմադրել է առաջին ներկայացումը մեծահասակ հանդիսատեսի համար՝ «Չքնաղ Գալատեան»՝ հետաքրքրաշարժ կատակերգություն՝ հունական դիցաբանության թեմաներով։ Սրան հաջորդել է Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» (1983թ.): 1984թ. Երվանդ Մանարյանը բեմադրել է Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»՝ «Ծաղկի փողոց թիվ 2» վերնագրով։ 1975թ. թատրոնը տեղափոխվել է իր ներկայիս շենքը՝ Սայաթ-Նովա 4 հասցեում։ 1978-85թթ դարձյալ թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Երվանդ Մանարյանը։ 1978թ. նա բեմադրել է Հ.Թումանյանի «Անհաղթ աքլորը», որը միջազգային փառատոներում արժանացել է մրցանակների, իսկ 1981թ. բեմադրել է «Ակամա երաժիշտները». այս երկու բեմադրություններն էլ դեռևս շարունակել են իրենց բեմական կյանքը։ 1970-80-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրել Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝ Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով։ Բեմադրվել են «Երեք նարինջ», «Ալադինի կախարդական լամպը», «Եղեգնուհին», «Ամենից լավ տունը»։ Տիգրան Զահալյանը բեմադրել է «Ջոնին և ավազակները», «Համեղ պատառիկ», «Ոսկի ձկնիկ», «Թզուկի երգը», «Գիտության բանալին» և այլ բեմադրություններ, որոնց մեծ մասը դեռևս խաղացանկում են։ Լարիսա Մանգասարովայի բեմադրություններից են «Միցիկի արկածները», «Անահիտ», «Ճանապարհային արկածները», «Սուտլիկ որսկանը» և այլ գործեր։ 1985թ. գլխավոր ռեժիսոր է նշանակվել Անդրանիկ Գամջյանը, ում հաջորդել են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը, իսկ գլխավոր նկարիչ՝ Անժելա Գալստյանը։ 1998թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր, իսկ 1998-2022թթ եղել է նաև տնօրենը։ 2022թ-ից թատրոնի տնօրենն է Արտաշես Բաբայանը: 2023թ. թատրոնն ստացել է «ազգային» կարգավիճակ և կոչվել Հայաստանի ազգային տիկնիկային թատրոն: