Հիմնադրվել է 1967թ., Երևանում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնությամբ։ Առաջինը բեմադրվել է «Լավատես ողբերգություն» պիեսը (ռեժիսոր՝ Հ.Ղափլանյան)։ Թատրոնն ունեցել է հյուրախաղային մեծ աշխարհագրություն՝ Մոսկվա, Թիֆլիս, Դոնի Ռոստով, Փարիզ, Լեոն, Նիս, Վալանս, Հալեպ, Բեյրութ, Լոնդոն, Լոս Անջելես, Գդանսկ, Գյուլա (Հունգարիա), Կրայովա (Ռումինիա), մասնակցել է մի շարք հանրահայտ շեքսպիրյան փառատոների։ Թատրոնում իրենց գործունեությունն են ծավալել Վլադիմիր Մսրյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Լևոն Թուխիկյանը, Էմմա Վարդանյանը, Տաթևիկ Ղափլանյանը, Գուժ Մանուկյանը, Վիոլետա Գևորգյանը, Լուսինե Կիրակոսյանը, Ռուբեն Կարապետյանը, Կարպիս Շամլյանը, Լևոն Շարաֆյանը, Հովհաննես Բաբախանյանը և այլ դերասաններ: 1986թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Խանդիկյանը։ Թատրոնի խաղացանկում ներառված են և՛ դասական, և՛ ժամանակակից ստեղծագործություններ։ Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից։ Թատերախմբի կազմում ընդգրկված են Արթուր Ութմազյանը, Էվելինա Շահիրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Հրաչյա Հարությունյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Հայկուհի Խուդավերդյանը, Էդուարդ Գասպարյանը, Արմեն Բարսեղյանը, Լուիզա Ղամբարյանը, Նաիրա Շահիրյանը, Գագիկ Մկրտչյանը, Լիդիա Գրիգորյանը, Գոհար Իգիթյանը և ուրիշներ։ Թատրոնի տնօրենն է դերասան Արտաշես Մխիթարյանը, գլխավոր ռեժիսորը՝ Գրիգոր Խաչատրյանը: