Հիմնադրվել է 1941թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում, Վ.Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942թ. հունիսի 22-ին, Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։ Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են՝ Ի․Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։ 1950-60-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։ 1962թ-ից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։ Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։ Թատրոնի հիմնադիր կազմից են եղել նաև Իզաբելա Դանզասը, Էդուարդ Համբարձումյանը, Վարդուհի Շահսուվարյանը, Արամ Սամվելյանը: Խաղացանկում են եղել Ա․Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ի․Կալմանի «Սիլվա», Ի․Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»), Գ.Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա», Գ․Չալիկյանի, Ս․Ջրբաշյանի «Երազիկ», Ու.Հաջիբեկովի «Արշին Մալալան», Յ.Շտրաուսի «Գնչուների բարոնը», Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», «Պարերի ուսուցիչը», Վ.Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», «Ոչնչից մեծ աղմուկ», Ֆ․Լոուի «Իմ չքնաղ լեդին», Դ․Մոդունիոյի «Սև վիշապը», Ա․Այվազյանի «Սեր աստղերի տակ», Գ․Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր», Ա․Պապայանի «Արտասահմանյան փեսացուն» և այլ ներկայացումներ: Թատրոնում աշխատել են դերասաններ Կարպ Խաչվանքյանը, Ալլա Անդրեասյանը, Մայիս Կարագյոզյանը, Մելինե Համամջյանը, Սվետլանա Գրիգորյանը և ուիշներ: Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Թատերախմբի կազմում են՝ Մարիամ Ղազարյանը, Բորիս Պեպանյանը, Տիգրանուհի Տեր֊Մարկոսյանը, Ռուզաննա Գասպարյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Ժասմեն Ասրյանը, Արթուր Կարապետյանը, Սաթիկ Հախնազարյանը, Ավո Խալաթյանը, Արա Դեղտրիկյանը, Զարուհի Խաչատրյանը, Անի Քոչարյանը, Մարգարիտ Խաչատրյանը և այլք: Թատրոնի գլխավոր ռեժիսորն է Հակոբ Ղազանչյանը, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։