Zark Foundation

Երևանի մնջախաղի թատրոն

Երևանի մնջախաղի թատրոն

Մշակութային կենտրոն

Ստեղծվել է 1974թ., Երևանում։ Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվել են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։ Թատրոնի պատմության սկիզբը դրվել է 1969թ.՝ Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի կողմից, ում ստեղծած «Տուշպա» թատերախումբը մանրապատումների ծրագրով 1969թ. դարձել է հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր։ Պողոսյանի ղեկավարած թատերախումբը գործել է Հայաստանի արվեստի աշխատողների տանը։ 1972թ. Պողոսյանը թատրոն է հրավիրել Արսեն Փոլադովին, ով ուսանում էր Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ Փոլադովը արդեն ավարտել էր ռուս անվանի մնջախաղաց Ա․Ռումնևի ղեկավարած մնջախաղի երկամյա դասընթացները։ Իրադարձությունների բերումով Պողոսյանը այս թվերին թողել է թատրոնը և խումբը ցրվել է։ Փոլադովը ստիպված է եղել վերստին սկսել թատրոնի կազմավորումը և ամբողջովին նորացված կազմով շուտով բեմադրել Վ.Սարոյանի «Սովյալներ» մնջախաղային ներկայացումը և մի շարք մանրապատումներ։ Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես է եկել 1974թ. մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ, որի շնորհիվ ճանաչվել է «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ» և ընդգրկվել Հայհամերգի կազմում։ Այս տարեթիվն էլ համարվում է թատրոնի ծննդյան տարեթիվը։ 1983թ. թատրոնն ստացել է պետական կարգավիճակ։ 1990-ական թվականների սկզբին վատացել է Փոլադովի առողջությունը և իր առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն է ստանձնել Յուրի Կոստանյանը։ Կոստանյանի օրոք թատրոնը ստանցել է ժամանակավոր տարածք՝ Գեղարվեստի ակադեմիայի նախկին ուսանողական թատրոնի բեմը, որը վերակառուցվել է ամբողջ թատերակազմի ջանքերով։ 1998թ. Կոստանյանի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է դարձել Ժիրայր Դադասյանը։ 1999թ. թատրոնում իր առաջին քայլերն է արել ժամանակակից մնջախաղի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսահայ դերասան, մնջախաղաց, ռեժիսոր Վահրամ Զարյանը: Թատրոնի խաղացանկում են եղել հետևյալ բեմադրությունները՝ «Գիրք ծաղկանց», «Արդաղիոն», «Դեվը», «Չարի ծաղիկներ», «Շրջանակից դուրս», «Արթմնի երազ», «Թռիչք», «Խաղը», «Ինչպես նկարել թռչուն», «Մետամորֆոզ», «Գեներ», «Շերանիկ», «Մագաղաթ», «Այծ-Ծես», «Աթոռի ոգին», «Սոնետ N 90», «Գալաթեա», «Գահի ոգին», «Անքնություն», «Թատրոն ափի մեջ», «Պիերոյի Երազը» և ալլն: 2021թ-ից թատրոնի տնօրենն է դերասան Մանվել Խաչատրյանը: