Հիմնադրվել է 1932թ. օգոստոսի 5-ին, Երևանում, բացվել Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով (1933թ.): Գործունեությունն սկսել է Ս.Գորկու անվան բանվորական թատրոնի շենքում (Կառուցողների ակումբ, այժմ՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքը), 1940թ-ից ներկայիս՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում: Աոաջին թատերաշրջանում թատրոնն իր սկզբնական կազմով (օպերային արտիստ՝ 20, նվագախումբ՝ 40, երգչախումբ՝ 30, բալետի արտիստներ՝ 20 հոգի) իրականացրել է Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Գունոյի «Ֆաուստ» օպերաների բեմադրությունները: Առաջին հաջողությունները կապված են դիրիժորներ Գևորգ Բուդաղյանի, Սուրեն Չարեքյանի, Կոնստանտին Սարաջևի, Միքայել Թավրիզյանի, Սերգեյ Շաթիրյանի, ռեժիսորներ Արշակ Բուրջալյանի, Լևոն Քալանթարի, Արմեն Գուլակյանի, Վավիկ Վարդանյանի, խմբավար Վ.Նիկոլսկու, բալետմայստեր Իլյա Արբատովի (Յաղուբյան), նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Արուտչյանի, Պատո Անանյանի, Սիմոն Ալաջալովի, Ալեքսեյ Դանդուրյանի, մեներգիչներ Հայկանուշ Դանիելյանի, Շարա Տալյանի, Լևոն Իսեցկու (Տեր-Հովհաննիսյան), Ալեքսանդր Կարատովի (Կարապետյան), Թ.Բեջանյանի, Ե.Ֆանարջյանի, Թամար Շահնազարյանի, Թուշիկ Խաչատրյանի, Ա.Ավագյանի, Մարիաննա Սեդմարի, Տաթևիկ Սազանդարյանի, Պավել Լիսիցյանի, բալետի արտիստներ Լյուբով Վոյնովա-Շիկանյանի, Ռուսուդանա Թավրիզյանի, Գեորգի Գեորգիյանցի, Սարգիս Սարգսյանի, Պավլինե Բուռնազյանի, Ջ.Մուրադյանի գործունեության հետ: Ստեղծագործական առաջին նվաճումներից էր թատրոնում բեմադրված Ա.Տիգրանյանի «Անուշ» (1935թ.) օպերան: Բեմադրվել են Հ.Ստեփանյանի երգիծական «Քաջ Նազար» (1935թ.), ժամանակի թեմայով հայկական առաջին՝ «Լուսաբացին» (1938թ.), Ա.Այվազյանի կատակերգական «Թափառնիկոս» (1938թ.) օպերաները: Թատրոնի ստեղծագործական կյանքի վրա խոր ազդեցություն են ունեցել Հ.Դանիելյանի երաժշտական և բեմական բարձր արվեստը, Շ.Տալյանի, Տ.Սազանդարյանի կատարումները: Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (1935թ.) բալետի բեմադրությունից հետո թատրոնը վերանվանվել է օպերայի և բալետի թատրոն, 1939թ. դարձել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, Լենինի շքանշանակիր, 1956թ.՝ ակադեմիական, 1994թ.՝ ազգային: 1939թ. իրականացվել է հայկական առաջին՝ Ա.Խաչատրյանի «Երջանկություն», 1940թ.՝ երկրորդ՝ Ա.Տեր-Ղևոնդյանի «Անահիտ» բալետները: 1940-ական թթ թատրոնը հասել է ստեղծագործական, նոր նվաճումների, համալրվել ԽՍՀՄ մշակութային կենտրոնների երաժիշտ-կատարողներով [երգիչներ Մ.Դենիսով, Ն.Սերդոբով, Վ.Սավելև-Դամուրին և ուրիշներ, գլխավոր բալետմայստեր Լ.Լավրովսկի (1942-43թթ)]: Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ (1938թ-ից՝ գլխավոր դիրիժոր, 1946-57թթ՝ գեղարվեստական ղեկավար) իրականացվել են Գլինկայի «Իվան Սուսանին», Վերդիի «Օթելլո» (երկուսն էլ՝ 1942թ.), Մեյերբերի «Հուգենոտներ», Փալիաշվիլու «Դաիսի» (երկուսն էլ՝ 1943թ.) օպերաները: Ազգային խաղացանկը ընդլայնվել է Կ.Զաքարյանի «Մարջան» (1941թ.), Լ.Խոջա-Էյնաթյանի «Նամուս» (1945թ.), Ա.Տեր-Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» (1949թ.) օպերաներով, «Խանդութ» բալետով (1945թ., երաժշտ.՝ Ա.Սպենդիարյանի, կոմպոզիցիան՝ Գ.Բուդաղյանի): Խոշոր իրադարձություն էին հայկական առաջին՝ Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նորովի խմբագրված և ամբողջական (1945թ., ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1946թ.), Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի (1947թ.) բեմադրությունները: Իրականացվել են նաև արևմտաեվրոպական և ռուս դասական և ժամանակակից օպերաների և բալետների բեմադրություններ: Թատրոնի առաջընթացին մեծապես նպաստել է Գոհար Գասպարյանը. առաջատար տեղ են գրավել մեներգիչներ Միհրան Երկաթը, Արմինե Թութունջյանը, Դավիթ Պողոսյանը, Ավագ Պետրոսյանը, Լյուբով Լազարևան, Նար Հովհաննիսյանը, Արշավիր Կարապետյանը, Վահրամ Միրաքյանը, Կարլոս Մարկոսյանը, բալետի մենապարողներ Թերեզա Գրիգորյանը, Ֆրունզե Ելանյանը, Սիլվա Մինասյանը, Լ.Սեմանովան, Վանուշ Խանամիրյանը, Բելլա Հովնանյանը և ուրիշներ: Ռեժիսորական հետաքրքիր մեկնաբանություններով հանդես են եկել Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Գոհարինե Մելքումյանը, Պողոս Աֆեյանը, ավելի ուշ՝ Հրաչյա Ղափլանյանը, Տիգրան Լևոնյանը (1977-91թթ՝ գլխավոր ռեժիսոր 1991-99թթ՝ գեղարվեստական ղեկավար), Վահագն Բագրատունին, Նորայր Սարգսյանը, մեծ աշխատանք են կատարել դիրիժորներ Սուրեն Չարեքյանը, Ռուբեն Ստեփանյանը, Դմիտրի Շիկանյանը, բալետմայստերներ Իլյա Արբատովը, Վ.Վարկովիցկին, Ե.Չանգան, Ազատ Ղարիբյանը, Մաքսիմ Մարտիրոսյանը, Զարեհ Մուրադյանը, նկարիչներ Պատո Անանյանը, Ա.Միրզոյանը, Ալեքսանդր Շաքարյանը, Կ.Մինասյանը, Մինաս Ավետիսյանը: Հանդես է եկել դիրիժորների նոր սերունդ՝ Արամ Քաթանյան (1964-69թթ, 1974-82թթ՝ գլխավոր դիրիժոր), Հակոբ Ոսկանյան (1988-93թթ՝ գեղարվեստական ղեկավար), Յուրի Դավթյան (1996-2000թթ՝ գլխավոր դիրիժոր): 1982-87թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել Հովհաննես Չեքիջյանը, 1999-2001թթ՝ Օհան Դուրյանը (1991-94թթ՝ գլխավոր դիրիժոր): 1950-60-ական թթ զգալի ընդլայնվել է ազգային խաղացանկը, բեմադրվել են Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1950թ.), Հ.Ստեփանյանի «Հերոսուհի» (1950թ., ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1951թ.), Ա.Բաբաևի «Արծվաբերդ», Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (երկուսն էլ՝ 1957թ.), Գ.Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (1960թ.), «Խորտակում» (1968թ.), Ա.Այվազյանի «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963թ.), Ա.Տերտերյանի «Կրակե օղակ» (1967թ.), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (1969թ., ՀՀ պետական մրցանակ՝ 1973թ.) օպերաները, Գ.Եղիազարյանի «Սևան» (1956թ., 2-րդ խմբ.՝ «Անուրջների լիճը», 1968թ., ՀՀ պետական մրցանակ՝ 1970թ.), Է.Հովհաննիսյանի «Մարմար» (1957թ.), «Հավերժական կուռք» (1966թ., ՀՀ պետական մրցանակ՝ 1967թ.), «Անտունի» (1969թ.), Է.Խաղագորտյանի «Սոնա» (1957թ.), Գ.Հախինյանի «Ախթամար» (1961թ.), «Լոռեցի Սաքոն» (1961թ.), «Ուռենի» (1963թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967թ.), Կ.Օրբելյանի «Անմահություն» (1969թ.) բալետները: Նոր փուլ է եղել Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի (1961թ., բալետմայստեր՝ Ե.Չանգա), լուրջ նվաճում՝ Վագների «Տանհոյզեր» օպերայի (1965թ.) բեմադրությունները: Թատերախումբը համալրել են մեներգիչներ Սերգեյ Դանիելյանը, Հենրիկ Ալավերդյանը, Գոհար Գալաչյանը, Անժելիկա Հարությունյանը, Ելենա Վարդանյանը, Ե.Միքայելյանը, Էլվիրա Ուզունյանը, Օ.Բաբայանը, Էլլադա Չախոյանը, մենապարողներ Վիլեն Գալստյանը (1972-75թթ, 1977-79թթ և 2014-21թթ՝ բալետային խմբի գեղարվեստական ղեկավար), Ջ.Քալանթարյանը, Բելլա Խուդինյանը, Էլվիրա Մնացականյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Հովհաննես Դիվանյանը, Ղ.Ալեքսանյանը և ուրիշներ: ԽՍՀՄ-ում առաջին անգամ թատրոնի բեմում են իրականացվել Լ.Բեռնսթայնի «Վեստսայդյան պատմություն» (1963թ.), Ստրավինսկու «Էդիպ արքա» (1963թ.), Մենոտտիի «Հյուպատոսը» (1966թ.), Բելլինիի «Նորմա» (1975թ.) օպերաները: 1970-80-ական թթ բեմադրություններից են Է.Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (1970թ.), Գ.Հախինյանի «Լեգենդի մարդը» (1970թ.), Ս.Ջրբաշյանի «Գիքոր» (1974թ.), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (օպերա-բալետ, 1976թ., ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1979թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (1987թ.), Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977թ.), Ռոսսինիի «Սևիլյալ սափրիչ» (1978թ.), Մոցարտի «Դոն Ժուան» (1979թ.), Վերդիի «Տրուբադուր» (1979թ., 1989թ.), Վ.Աճեմյանի «Կիկոսի մահը» (1980թ.), Բեռլիոզի «Ռոմեո և Ջուլիետ» դրամատիկական սիմֆոնիան (մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, 1982թ.), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե», 1988թ.) և այլ օպերաներ, Գ.Եղիազարյանի «Արա Գեղեցիկ» (1982թ.), Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» (Է.Հովհաննիսյանի կոմպոզիցիայով, 1982թ.), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (1985թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (1988թ.), Ստրավինսկու «Օրփեոս» (1989թ.) բալետները, վերաբեմադրվել են Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկը» (1981թ.), Ա.Սպենդիարյանի «Ալմաստը» (1983թ.), Ա.Խաչատրյանի «Սպարտակը» (1982թ), Է.Հովհաննիսյանի «Անտունին» (1982թ.) և այլն: 1980-90-ական թթ թատրոնն ունեցել է հյուրախաղեր և նոր բեմադրություններ՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» (1990թ.), Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993թ.), Վերդիի «Օթելլո» (1995թ.), «Տրավիատա», «Տրուբադուր» (երկուսն էլ՝ 2000թ.), Բելլինիի «Նորմա» (2001թ.), վերականգնել Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (1992թ.), Ա.Տիգրանյանի «Անուշ» (1994թ.), համերգային կատարումներով հնչեցրել Մոցարտի «Առևանգում հարեմից» (1993թ.), Վիվալդիի «Տիգրան» (2001թ.) օպերաները, Տ.Մանսուրյանի «Ձյունե թագուհին» (1990թ.), Լ.Ճգնավորյանի «Օթելլո» (1993թ.), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998թ.), Բիզե-Շչեդրինի «Կարմենսյուիտը» (1998թ.), Մինկուսի «Դոն Քիշոտ» (1999թ.) բալետները: 1992թ. բացվել է Մ.Թավրիզյանի անվան «Հայելապատ սրահը», որտեղ ներկայացվել են օպերաներ, տրվել համերգներ: Համալրվել է նաև թատրոնի կազմը, մեներգիչներ՝ Ռ.Օջախյան, Էմմա Պապիկյան, Բարսեղ Թումանյան, Հասմիկ Հացագործյան, Հասմիկ Պապյան, Անահիտ Մխիթարյան, Գեղամ Գրիգորյան (1999-2007թթ և 2015-16թթ՝ գեղարվեստական ղեկավար), Սարգիս Թորոսան, Մ.Մկրտչյան, Լ.Գրիգորյան, Վ.Խաչատրյան, Ա.Մարտիրոսյան և ուրիշներ: Տարբեր տարիների թատրոնի նվագախումբը ղեկավարել են Հակոբ Ոսկանյանը, Արամ Քաթանյանը, Յուրի Դավթյանը, Վիլեն Չարչօղլյանը, Օհան Դուրյանը և ուրիշներ: 1999-2014թթ թատրոնի տնօրենն է եղել Կամո Հովհաննիսյանը, իսկ 2016-20թթ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Թատրոնը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Մոսկվայում (1939թ., 1995թ., 2002թ.), Սանկտ Պետերբուրգում (1956թ., 1979թ.), Սոչիում (1957թ., 1961թ., 1971թ.), Թբիլիսիում (1958թ., 1963թ., 1979թ., 1987թ.), Բաքվում (1959թ., 1962թ.), Կիևում (1978թ.), Իսպանիայում (1988թ., 1999թ.), ԱՄՆ-ում (1999թ.), Բեյրութում (2001թ.), բալետի մի խումբ արտիստներ՝ Արգենտինայում, Մեքսիկայում (1978թ.), Սիրիայում, Ալժիրում (1980թ.), Ֆրանսիայում (1988թ.) և այլուր: Փոխայցերով թատրոնում հանդես են եկել երգիչ-երգչուհիներ Վ.Դավիդովան, Տ.Կուուզիկը, Ն.Վորվուլյովը, Զ.Պալլին, Ն.Հեռլյանը, Դ.Հովհաննիսյանը, Կ.Զոբյանը, Լ.Պոզապալյանը, Լ.Ամարան, Լ.Չուգասզյանը, Ժ.Սերգոյանը, Մ.Գուլելմին, Ե.Օբրազցովան, բալետի մենապարողներ Վ.Ճաբուկիանին, Օ.Լեպեշինսկայան, Մ.Պլիսեցկայան, Վ.Ցիգնաձեն, Վ.Վասիլևը, Ե.Մաքսիմովան, Մ.Լիեպան և ուրիշներ: Թատրոնի շենքը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1926-36թթ), ղեկավարել շինարարական աշխատանքը: Հիմնադրվել է 1930թ. նոյեմբերի 28-ին՝ որպես ժողովրդական տան թատրոն: Նախագծի հիմնական գաղափարի համաձայն՝ միավորելու էր հարավային՝ ձմեռային, և հյուսիսային՝ ամառային, թատրոնները մեկ՝ երկդահլիճ շենքում՝ կենտրոնում ընդհանուր պորտալով միավորված բեմի ծավալով՝ բաղկացած յուրաքանչյուր դահլիճում հիմնական ու կողային բեմերից: Բեմի հանդիպակաց կողմերի կիսաշրջանաձև, դահլիճներն իրենց օժանդակ մասերով միավորված էին հատակագծում ձվաձև, աստիճանաբար բարձրացող տարածական կոմպոզիցիայի մեջ և, մեծ հանդեսների ժամանակ բացելով բեմի երկու կողմերի պորտալները, հնարավոր էր միավորել և պարտերների հետ կազմել ընդարձակ ասպարեզ, իսկ երկու ամֆիթատրոնները՝ շուրջ 3 հազար տեղ ունեցող ձվաձև հանդիսասրահ: Ամառային թատրոնի ծածկը հենվելու էր արտաքին կիսաշրջանաձև պարագծով դասավորված սյուներին. ճակատի առաջին, երկրորդ, երրորդ հարկերի բաց միջսյունային տարածությունները դահլիճը տարածականորեն կապելու էին կից պուրակին, որը ծառայելու էր իբրև բացօթյա ճեմասրահ: Շենքի աչքի ընկնող տեղերում (դրսում և ներսում) նախատեսված էին զարդաքանդակներ, որմնանկարներ, արձաններ: 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում թատրոնի նախագծին շնորհվել է ոսկե մեդալ: Նախագծային աշխատանքները շարունակել և շինարարությունը վերահսկել է Ա.Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: 1939թ. ավարտվել է ձմեռային թատրոնի մասը, որտեղ սկսել է գործել օպերայի և բալետի թատրոնը (չի իրականացվել դահլիճները միավորելու կարևոր մտահղացումը, թերի էր բեմի մեքենայացումը, գրանիտով կառուցվել են շենքի միայն առաջին երկու հարկերը և այլն): Ամառային թատրոնի կառուցման ընթացքում (երբ ավարտված էր նրա երկաթբետոնե կմախքը) հանձնարարվեց այն դարձնել համերգային դահլիճ (ավարտվել է 1953թ.), որը չփոխեց շենքի ծավալատարած կերպարը: Ներդաշնակ համաչափություններով, միասնականու հաստատուն ծավալով, քանդակագործական երկին հատուկ արտահայտչական ուժով, հանդիսավոր ու գեղեցիկ ձևերով մոնումենտալ այս շենքը իշխում է քաղաքի համայնապատկերում: Հայ ճարտարապետության ավանդույթներն ու կենսունակ ձևերն այստեղ կիրառված են ստեղծագործական այնպիսի վերամշակումով, որ ստացել են այժմեական հնչողություն և նոր որակ ազդելով հայ ճարտարապետության հետագա զարգացման վրա: Թատրոնը 2021թ-ից ղեկավարում է դիրիժոր Կարեն Դուրգարյանը, ով 2001-15թթ եղել է թատրոնի գլխավոր դիրիժորը: Բալետային խմբում առաջատար մենապարողներից են՝ Ռուբեն Մուրադյանը, Մերի Հովհաննիսյանը, Սևակ Ավետիսյանը, Սոնա Վարդանյանը, Սյուզաննա Փիրումյանը, Րաֆֆի Գալստյանը, Ռազմիկ Մարուքյանը, Աննա Վեքիլյանը, Նարե Մարկոսյանը, Գոռ Սարգսյանը, Մարիամ Գարաջյանը և այլք: Օպերային մենակատարներից են՝ Գևորգ Հակոբյանը, Նունե Բադալյանը, Սարգիս Աղամալյանը, Քրիստինե Սահակյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Դավիթ Բաբայանցը, Աննա Մնացականյանը, Մարինե Դեինյանը, Հովհաննես Ներսեսյանը, Սոֆյա Սայադյանը, Արծբվիկ Դեմուրչյանը, Բերջ Քարազյանը, Մագդա Մկրտչյանը, Հայկ Տիգրանյանը և այլք: