Zark Foundation

Զավեն Հարությունյան

Զավեն Հարությունյան

Հաղորդավար

29 սեպտեմբեր, 1952 - 2 հունիս, 2022

Ծնվել է Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը: 1969-74թթ սովորել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժնում: 1960թ-ից պարբերաբար ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, վարել է «Պատանի լենինյան» հեռուստահանդեսը, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը: Կազմակերպել է մշակութային տարաբնույթ միջոցառումներ: 1974-76թթ աշխատել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, 1976-81թթ և 1986-93թթ` Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում` որպես դասախոս: 1981-84թթ վերապատրաստվել է Մոսկվայի Մ.Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտում, 1986թ. ավարտել է ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993թ-ից աշխատել է Երևանի պետական համալսարանում, որտեղ 1993-97թթ եղել է ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոս, 1997-2001թթ` վարիչ, իսկ 2010թ-ից ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչը, դոցենտ: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտամեթոդական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ: Վերապատրաստվել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի համալսարանում և ստացել էստրադային ռեժիսորի մասնագիտություն: 1994-97թթ եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը: Կազմակերպել է բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ, ամանորյա, հոբելյանական երեկոներ` «Փարիզյան էսքիզներ», «Պատնեշ», «Բոհեմ», «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան», «Արամ Սաթյան» և այլն: 1996թ. ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոսների և ուսանողների ուժերով ստեղծել է թատերախումբ և «Գանձի առեղծվածը» խորագրով ներկայացումով հանդես եկել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում: 2002թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը: 2003թ-ից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Դիպված» հաղորդաշարը: Մահացել է Երևանում: