Արթո Ճյումպյուշյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Գաբամաճյան վարժարանում: 1945թ. ավարտել է Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, 1951թ.՝ Կ.Պոլսի համալսարանը։ Գրական առաջին փորձերը կատարել է 1943թ-ից։ Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948թ., Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթում։ 1952-58թթ պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն։ Դասավանդել է նաև Կեդրոնական վարժարանում, որտեղ եղել է տնօրենի օգնական։ Այս շրջանում էլ ծավալել է իր գրական գործունեությունը։ Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից։ Եղել է 1959թ-ից Ստամբուլում հրատարակված «Թօ» գրական հանդեսի խմբագիրներից։ Նրա պոեզիան հատկանշվում է փիլիսոփայական ենթատեքստով, բանաստեղծական ավանդույթների յուրովի օգտագործումով։ Հեղինակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արվեստաբանական ու գրականագիտական ուսումնասիրություններ («Լուսնապարտէզ», 1968թ., «Տօնակարգ», 1973թ., «Զբոսապտոյտ», 1978թ., «Ամպ ու աւազ ափերուս», 1982թ., թարգմ. ֆրանսերեն 1988թ., «Ստուեր եւ արձագանք», 1988թ.): Հրատարակվել են նաև նրա «Ես և ուրիշներ» (1982թ.), «Ազատերգություն» (1993թ.), «Քար Հայաստանի» (1997թ.), «Կաթիլներ, կաթիլներ» (2013թ.) գրքերը: Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն։ 1999թ. տպագրվել է Սուրեն Դանիելյան «Զարեհ Խրախունի. Բանաստեղծութեան Ազատերգումը» ուսումնասիրությունը։ 1989թ. արժանացել է Վազգեն Ա հայրապետի կոնդակին և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանին։ Արժանացել է Համազգային «Անահիտ» գրական, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամի, ֆրանսահայ գրողների «Էլիզ Գաւուքճեան-Այվազեան» գրական, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակներին, ՀՀ «Մովսես Խորենացի», Թուրքիայի Հայով պատրիարքության Ա կարգի շքանշանների, 2012թ.՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։ Մահացել է Ստամբուլում: