Zark Foundation

Զարուհի Դոլուխանյան

Զարուհի Դոլուխանյան

Օպերային երգչուհի

15 մարտ, 1918 - 4 դեկտեմբեր, 2007

Զարուհի Մակարյան
Ծնվել է Մոսկվայում: Եղել է կոմպոզիտոր Ալեքսանդր Դոլուխանյանի կինը: 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957թ.՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը (այժմ՝ ՌԴ երաժշտական ակադեմիա): 1941թ. ընդունվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալևտի թատրոն, հանդես եկել մի շարք օպերաներում՝ Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Օլգա), «Պիկովայա Դամա» (Պոլինա), Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» (Գայանե), Գուևոյի «Ֆաուստ» (Զիբել), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Դունյաշա) և այլն: 1944թ. տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության: Եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959թ-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: 1949թ. Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին: Նրա ձայնն առանձնացել է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը: Կատարել է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները): Երգչուհու երգացանկում մեծ տեղ են գրավել հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա.Սպենդիարյան, Ռ.Մելիքյան, Ա.Խաչատրյան, Ա.Հարությունյան, Վ.Կոտոյան, Մ.Թարիվերդիև) և հայկական ժողովրդական երգերը: Համերգներ է տվել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, Լեհաստանում և այլուր: 1972թ-ից դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում (1983թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է բազմաթիվ երաժշտական մրցույթների ու փառատոների ժյուրիի անդամ, 1977թ-ից Ռուսաստանի թատերական գործիչների միության անդամ: 1951թ. պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական, 1966թ.՝ Լենինյան մրցանակներով, 1998թ. և 1999թ.՝ ՌԴ մշակույթի նախարարության ոսկե մեդալներով և այլ պարգևներով: 2003թ. մեր երկրագնդի աստղերից մեկը անվանակոչվել է նրա անունով: 1952թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1955թ.` Հայաստանի, 1956թ.՝ Ռուսաստանի, 1990թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: