Zark Foundation

Զարուհի Էլմասյան

Զարուհի Էլմասյան

Օպերային երգչուհի

12 հոկտեմբեր, 1906 - 6 փետրվար, 1990

Ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Էսեքս շրջանի Լինն քաղաքում: Հայտնի է եղել որպես Զարի Էլմասյան, իսկ ավելի ուշ՝ Զարուհի Էլմասյան-Վարթյան: Վաղ տարիքում տեղափոխվել է Ֆրեզնո, սովորել է Հարավային Քալիֆոռնիայի համալսարանի Ֆրեզնոյի պետական քոլեջում, Իսթմանի երաժշտական դպրոցում և Նոր Անգլիայի կոնսերվատորիայում։ Քոլեջում յուրացրել իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն երգեր ու օպերային արիաներ։ Ավարտել է Հարավային Քալիֆոռնիայի երաժշտական համալսարանը և Բոստոնի «Նյու Ինգլանդ» կոնսերվատորիան։ 1929թ. երգել է ռադիոհաղորդումների ժամանակ, 1930-32թթ՝ Սան Ֆրանցիսկոյի օպերայում՝ հանդես գալով «Հենզել և Գրետել», Մանոն, Տանհոյզեր և Կարմեն օպերաներում: Երգել է Լոս Անջելեսի օպերայում: 1930-40թթ Քալիֆոռնիայում եղել է համերգային երգիչ և եկեղեցական մենակատար։ Առաջին անգամ հանդես է եկել Լոս Անջելեսի «Գրանդ օպերայում»՝ Ֆրանկիտայի, Միքայելայի դերերգերով (Ժ.Բիզեի «Կարմեն»)։ Երգել է նաև Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի, նաև Բոստոնի «Ամերիկայի երիտասարդություն» օպերային խմբերի հետ։ Դերերգերից են՝ Նորիան (Գ.Դոնիցետտիի «Դոն Պասկուալե»), Դեսպինա (Վ.Մոցարտի «Այդպես են վարվում բոլորը»), Նեդդա (Ռ.Լեոնկավալլոյի «Պայացներ») և այլն։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգչուհի։ Մեներգել է Բեթհովենի 9-րդ, Գ.Մահլերի 4-րդ, Է.Բլոխի «Իսրայել» սիմֆոնիաներում, ելույթներ ունեցել Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ անվանի դիրիժորներ Ա.Ռոձինսկու և Օ.Կլեմպերերի ղեկավարությամբ։ 1940թ. Բոստոնում նրան նվագակցել է Ալան Հովհաննեսը։ 1959թ. (ամուսնու՝ երգիչ և դերասան Սեդրակ Վարդյանի հետ) այցելել է Երևան, հայկական ռադիոյում ձայնագրել Ռ.Մելիքյանի «Օրոր Նազիկին», Հ.Սամուելյանի «Վարդի պես սիրուն» ռոմանսները, «Վերադարձրու ինձ իմ քաղաքը» և «Ինչպես մոռանամ սերս» իտալերեն երգերը։ Ղեկավարել է Լոս Անջելեսի Սբ․ Հակոբ եկեղեցու 60-հոգանոց երգչախումբը, կատարել աշխարհիկ, նաև հայկական ժամանակակից երգեր։ Վոկալ կատարումներով, սովորաբար չգրանցված, հանդես է եկել հոլիվուդյան մյուզիքլներում, այդ թվում՝ «Հիանալի է ողջ մնալ» (1933թ.), «Չարաճճի Մարիետա» (1935թ.), «Խոլորձներ քեզ համար» (1935թ.), «Ահա ռոմանտիկա» (1935թ.), «Մեծն Զիգֆիլդը» (1936թ.), «Չարլի Չանը օպերայում» (1936թ.), «Գարնան երգը» (Maytime, 1937թ.), «Սիրահարներ» (1938թ.), «Ոսկե արևմուտքի աղջիկը» (1938թ.), «Օզի կախարդը» (1939թ.) և «Բրոդվեյի սերենադ» (1939թ.)։ Եղել է նաև Լոս Անջելեսի Սբ. Հակոբ հայ առաքելական եկեղեցու երաժշտական ղեկավարը և Dominant Music Club պրոֆեսիոնալ երաժիշտների կանանց ակումբի անդամ։ Ամուսնու հետ նկարահանվել է հայալեզու «Անուշ» (1945թ.) երաժշտական մելոդրամայում՝ հիմնված Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության և Արմեն Տիգրանյանի Անուշ օպերայի վրա։ Նրանք թողարկել են նաև «Հայկական երգեր» անվանումով ձայնասկավառակ։ Նրա կատարումներից հնչում են նաև «Oscar Levant Plays Levant & Gershwin» ալբոմում։ 1930թ. դարձել է Լոս Անջելեսում գործող Հայ արվեստագետների ընկերակցության նախագահ։ Նրա կատարումերը հնչել են ամերիկյան կինոնկարներում, նկարահանվել է «Խոլորձներ քեզ համար», «Հաղթական» ֆիլմերում։ 1933թ. հայտնվել է գլխավոր լուրերում, երբ հարցաքննվել է ատամնաբույժ Լեոն Սիվերի սպանության համար, որը, ըստ երևույթին, Լոս Անջելեսի օպերայում երգչուհու կատարումների երկրպագուն է եղել։ Սիվերը եղել է Արվեստագետների հիմնադրամի հիմնադիրն ու տնօրենը, որը 1930թ. Էլմասյանին կրթաթոշակ է տվել։ Մահացել է Լոս Անջելեսում։