Zark Foundation

Զեննե Պողոս

Զեննե Պողոս

Երաժիշտ

11 հունիս, 1746 - 22 հոկտեմբեր, 1826

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Խասգյուղի (Կ.Պոլիս) հանրակրթական դպրոցում, հմտացել հայ հոգևոր երաժշտության ասպարեզում։ Ունենալով հնչեղ և ազդու ձայն, երգեցողության մեջ հասել է բացառիկ հաջողության և արժանացել «Զեննե» («Ձայնեղ») մականվանը։ Երիտասարդ ժամանակ եղել է աղա Պողոս ամիրայի տան վարժապետը։ Կ.Պոլսի Զինճիրլի խանում բացել է դասարան, ամիրաների որդիներին սովորեցրել եկեղեցական երաժշտություն։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ, այդ թվում՝ Համբարձում Լիմոնջյանը։ Նրան է վերագրվում «Լույս-զվարթ» և այլ շարականների եղանակների կարգավորումը։ Հանդիսացել է ժամանակի ամենաուսյալ դեմքերից մեկը, լավ ծանոթ հունական և լատինական երաժշտությանը։ Տիրապետել է հունական եկեղեցական երգեցողության և նոտագրության արվեստին, զբաղվել է նաև նկարչությամբ, նկարազարդել գրքեր, իմացել է հունարեն, լատիներեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Մահացել է Կոստանդնուպոլսում: