Zark Foundation

Զորայր Խալափյան

Զորայր Խալափյան

Արձակագիր, դրամատուրգ

1 օգոստոս, 1933 - 18 հուլիս, 2008

Ծնվել է Արցախի Թալիշ գյուղում: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-67թթ որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։ Նրա աոաջին երկը` «Հեղեղ» վիպակը, լույս է տեսել 1962թ., «Սովետական գրականություն» ամսագրում։ Բեմադրվել են գրողի «Ամեն մեկին իր տեղը», «Հրաշք երեխա», «Երիցուկի թերթիկներ», «Սոֆո», «Մեր բակի մարդիկ», «Օրորոցային», «Հայրական տուն», «Տարբեր նվագներ» պիեսները։ 1982թ. Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ ցուցադրվել է նրա «Ա» և «Բ» ուղևորները» դրաման։ Նրա «Թթենին» պատմվածքի հիման վրա ռեժիսոր Գենադի Մելքոնյանը նկարահանել է համանուն կինոնկարը։ Հրատարակվել են նրա «Հեղեղ» (1963թ.), «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» (1966թ., 1971թ.՝ ռուսերեն), «Երիցուկի թերթիկներ, Ձեր դիմանկարը» (1971թ.), «Հրաշք երեխա» (պիեսների ժողովածու, 1973թ.), «Մեռնող հառնող» (1975թ.), «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (1978թ.), «Ջերմանց մխիթարություն» (1979թ.), «Եվ վերադարձնելով ձեր դիմանկարը» (1980թ., ռուսերեն), «Որտեղ էիր, մարդ աստծո» (վեպ, վիպակներ, 1983թ.), «Ծնծղա» (վիպակներ, 1985թ.), «Միջնաշեն» (1991թ.), «Վասիլ Մեծ, հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր» (1995թ.), «Արա Գեղեցիկ և Շամիրամ» (1998թ.), «Ասպետն ու զինակիրը» (2003թ.) գրքերը: «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» վեպը լույս է տեսել նաև ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն, լեհերեն։ 1964թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1994-96թթ՝ միության վարչության քարտուղարը: 2009թ. իրանական «Աֆրազ» հրատարակչությունը «Հայկական պիեսներ» մատենաշարով լույս է ընծայել գրողի «Ասպետն ու իր զինակիրը» («Շահսավար վա Շահզադեհ») գիրքը: Արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան, ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակների։ Մահացել է Երևանում: