Zark Foundation

Էգազ Նորջուղայեցի

Էգազ Նորջուղայեցի

Աշուղ

9 փետրվար, 1650 - 6 օգոստոս, 1734

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրանի Սպահան քաղաքում): Հայտնի է եղել նաև Ղուլ Էգազ անունով: Եղել է հայ նոր աշուղական արվեստի սկզբնավորողներից, Նորջուղայական աշուղական դպրոցի հիմնադիրը (Արզունի Նորջուղայեցու հետ)։ Նրանից մեզ է հասել ութ խաղ («Կշտիս նստել աս», «Ջաֆետ քաշել ամ», «Չկա դարդ իմացող», «Մեղա» և այլն)։ Ստեղծագործել է հիմնականում Նոր Ջուղայի բարբառով։ Նրա դավթարը հայտնաբերված չէ, սակայն 1823թ-ից սկսած հանդեսներում և բանասիրական աշխատություններում հրատարակվել են նրա հատուկենտ երգերը և կենսագրական տեղեկություններ։ Գրականագետ-արվեստաբան Ա.Երեմյանը «Պարսկահայ աշուղներ» (1930թ.) գրքում զետեղել է աշուղի բանավոր փոխանցմամբ պահպանված 6 երգի տեքստերը։ Գրականագետ Հ.Սահակյանը «Հայ աշուղներ» (1961թ.) գրքում ամփոփել է Ղուլ Էգազի մասին տեղեկություններն ու մատենագրությունը և վերահրատարակել նրա երգերը՝ ավելացնելով իր հայտնաբերած (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) երեք ու Գ.Թարվերդյանի հայտնաբերած մեկ երգը։ Աշուղի երգերի մեղեդիները մեզ չեն հասել։ Մահացել է Նոր Ջուղայում: