Ծնվել է Վիեննայում: 1890-92թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1893թ-ից հաճախել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիան: Այդ շրջանի գործերից են` «Մուրացկանը» (1896թ.), «Փողոցի մի անկյուն» (1897թ.), «Անապաստանը» (1899թ.) և այլն: 1896թ-ից գեղանկարչական աշխատանքներով մասնակցել է «սալոններին»: 1899թ. ճանաչման է հասել փորագրություններով: 1900թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ: 1901թ. մասնակցել է Վենետիկի բիենալեին: 1903թ. Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում նրա 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի: Ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան: Փորագրություններից են` «Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս» (երեքն էլ` 1900թ.), «Լաթահավաք կինը» («Ձորձահավաքը»), «Շատո Ռուժ: Ապուրի հերթում», (երկուսն էլ` 1901թ.), «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», (երկուսն էլ` 1902թ.), «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը» (հինգն էլ` 1903թ.), «Թխահերն ու շիկահերը» (1907թ.), «Ընկած ձին» (1910թ.) և այլն: Գործերում կիրառել է փափուկ լաք, աքվանտինտա` նախապատվությունը տալով օֆորտին, որը հասցրել է կատարելության: 1905թ-ից ճամփորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը` «Կուլլոնի աբբայարանը» (1915թ.), «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ» (1921թ.), «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի» (1922-25թթ): 1930թ. Բրետանի Լա Մանշի ափերին ստեղծել Է «Կրաուգիկ», «Ձկնորսական նավակներ», «Փոքրիկ լողափ» բնանկարների շարքը: Ձևավորել է նաև գրքեր (Ֆլոբերի «Նոյեմբեր», 1927թ.): Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1936թ.), Թբիլիսիում (1936թ.), Լենինգրադում (1940թ.): Եղել է Ֆրանսիայի գեղարվեստագետների ազգային ընկերության նախագահության (1908թ.), Թիֆլիսի Հայ արվեստագետների միության (1916թ.), Փարիզի «Անի» խմբակցության (1926թ., 1929թ-ից` նախագահ), Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր (1928թ.), Հայ ազատ արվեստագետներու միության (1931թ.), ֆրանսիական «Անկախներ» խմբի (1933թ.) անդամ: 1974թ. և 1994թ. Երևանում բացվել են նրա ծննդյան 100 և 120-ամյակներին նվիրված ցուցահանդեսներ: Հայաստանին է նվիրել 160 աշխատանք: Գործերից պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, ՀԱՊ-ում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և այլ թանգարաններում: 1995թ. Ֆրանսիայի Ժիզյո քաղաքից (Նորմանդիա) ոչ հեռու, Սեն Միշելում, բացվել է Շահինի թանգարանը: Մահացել է Փարիզում: