Ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում: 1956թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1956-61թթ աշխատել է ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ: 1961-64թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1965թ-ից դասավանդել է ԵՊՀ ընղհանուր լեզվաբանության ամբիոնում: Երբեք չփորձելով թաքցնել իր համոզմունքները` 1982թ. այլախոհության մեղադրանքով զրկվել է համալսարանում դասավանդելու իրավունքից: 1986-89թթ աշխատել է Հանրապետական ուսումնամեթոդական կաբինետում, ավագ մեթոդիստի պաշտոնով: 1991թ. վերահաստատվել է նրա դասախոսելու իրավունքը, և նա շարունակել է աշխատանքը ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում: 1992թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1994թ. ստանձնել է ամբիոնի վարիչի պարտականությունները: Նրա գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփված են շուրջ քսան մեծարժեք հոդվածներում ու մենագրություններում` «Լեզվական նշանի բնույթը» (ռուսերեն, 1968թ.), «Իմաստ և նշանակություն» (ռուսերեն, 1979թ.), «Նշանագիտություն և լեզվաբանություն» (ռուսերեն, 1989թ.): Եղել է հայկական նշանագիտության հիմնադիրներից: Իր առաջին իսկ հրապարակումներով նա մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԽՍՀՄ-ի ու արտասահմանի գիտական շրջաններում: Երկարամյա դասախոսական աշխատանքի ընթացքում վարել է ընդհանուր լեզվաբանության, լեզվափիլիսոփայության պատմության, գեղարվեստական թարգմանության տեսության և այլ դասընթացներ: Ուշագրավ են 1980-90-ական թվականներին նրա՝ մամուլում հրատարակած հրապարակախոսական հոդվածները. դրանցով հեղինակը ներկայացել է որպես անհատ և քաղաքացի: Անցած կյանքի ուղու փիլիսոփայական իմաստավորման ձգտումն է արտահայտված վերջին տարիներին լույս տեսած նրա գրքերում. «Վերադարձի օղակ›› (ռուսերեն, 1998թ., 2003թ.), «Բանտային բանաստեղծություններ›› (ռուսերեն, 2002թ.): Մահացել է Երևանում: