Zark Foundation

Էդմոնդ Քիրազ

Էդմոնդ Քիրազ

Ծաղրանկարիչ

25 օգոստոս, 1923 - 11 օգոստոս, 2020

Էդմոնդ Քիրազյան
Ծնվել է Կահիրեում: Սովորել է Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում, այնուհետև՝ ֆրանսիական քոլեջում։ Նվագել է շեփոր: 10 տարեկան հասակում նկարել է իր առաջին կտավը՝ 17-րդ դարի կրոնական թեմաներով նկարի կրկնօրինակում, որը նվիրել է Բաղդադի հայկական եկեղեցուն։ Նկարչի առաջին քաղաքական ծաղրանկարը տպագրվել է «Image», «Parade», «La Réforme d’Alexandrie» և «Al Moussavar» ամսագրերում «Քիրազ» ստորագրությամբ, երբ նա 17 տարեկան էր: 1946թ. տեղափոխվել է Փարիզ և սկսել նկարչական գործունեությունը` նկարելով քաղաքական ծաղրանկարներ: Սովորել է Փարիզի «Académie de la Grande Chaumière»-ում: 1950-51թթ աշխատել է «La Bataille», 1951-52թթ՝ «le Rouge et le Noir», 1952-54թթ՝ «Samedi Soir», 1955-59թթ՝ «Ici Paris» թերթերի խմբագրություններում, որտեղ ստեղծել է «Carnets de Belles» շարքը։ Հետպատերազմյա շրջանում ընկերացել է երիտասարդ ծաղրանկարիչներ Պոյնեի, Էֆելի, Բելուսի, Ֆեզանի, Բոսկի, Շավալի, Ալդեբերի, Դուբուայի հետ: 1959թ. Մարսել Դասոն, ով արդեն նկատել էր Քիրազի տաղանդը, խնդրում է նրան ստեղծելու «Les Parisiennes» («Փարիզուհիներ») շարքն իր նորաստեղծ «Jours de France» թերթի համար։ Այստեղից էլ սկսվել է նկարչի հայտնի «Փարիզուհիներ» շարքը՝ երիտասարդ, թեթև, սլացիկ, էլեգանտ, երկար ոտքերով, սփրթնած դեմքերով, խելացի փարիզուհիները։ 1970թ-ից Հյու Հեֆների խնդրանքով «Փարիզուհիները» տպագրվել է «Փլեյբոյ» ամսագրում: Նրա գործերի մեջ մեծ տեղ են գրավում էրոտիկ ժանրի նկարները: Ստեղծել է ավելի քան 25000 նկար։ Գրել է «Ինքնակենսագրություն և հիշողություններ» գիրքը։ Նրա «Փարիզուհիներ» շարքի կտավները ցուցադրվել են Ֆրանսիայի և արտերկրի տարբեր պատկերասրահներում։ 25 աշխատանք գտնվում է Փարիզի «Կառնավալե» թանգարանում: Արժանացել է մի շարք պարգևների, մրցանակների, այդ թվում՝ Փարիզի պատվավոր քաղաքացու կոչման, 2011թ.` Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի: Մահացել է Փարիզում: