Zark Foundation

Էդուարդ Աթայան

Էդուարդ Աթայան

Լեզվաբան, փիլիսոփա

10 փետրվար, 1932 - 1 հունվար, 2002

Ծնվել է Երևանում: Եղել է արձակագիր, գրականագետ Ռաֆայել Աթայանի որդին։ Ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ ընդհանուր լեզվաբանություն մասնագիտացմամբ։ 1957թ. մինչև կյանքի վերջը դասավանդել է և ամբիոններ է ղեկավարել ԵՊՀ-ում և Վ.Բրյուսովի անվան ինստիտուտում։ 1957-62թթ եղել է ԵՊՀ ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, 1962-68թթ՝ այդ ամբիոնի դոցենտ, 1972-77թթ՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչը, 1986-87թթ՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1987թ-ից՝ լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1987-93թթ՝ այդ ամբիոնի վարիչը։ 1968-69թթ համալսարանում աշխատանքին զուգակցել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ղեկավարումը Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ 1965թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1984թ.՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1986թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1993թ-ից՝ Հայկական փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահը, 1996թ-ից՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ: Հեղինակել է բազմաթիվ լեզվաբանական, փիլիսոփայական, նշանագիտական աշխատություններ, որոնք վերաբերում են լեզվի կառուցվածքային շարահյուսությանը։ Դրանցից են՝ «Կառուցվածքային շարահյուսության առարկան և հիմնական հասկացությունները» (1968թ.), «Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը» (1976թ.), «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը» (1981թ.), «Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն» (1992թ.), «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն» (1997թ.) մենագրությունները։ Գրել է շուրջ 60 գիտական և մի շարք հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ տարբեր լեզուներից։ Նրա փիլիսոփայության առանցքն անհատի ազատ ստեղծագործելու իրավունքն է։ Ըստ նրա՝ ազատությունն ապահովում է անհրաժեշտության և պատահականության դիալեկտիկ, միասնությունը։ Ազատության և անազատության փիլիսոփայության և նշանագիտական վերլուծությունը լրացվում է նաև հոգեբանական քննությամբ։ Նրա դիտարկման կիզակետում անհատի (նաև ազգային հանրույթի) հոգեբանությունն է («Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն», 1992թ., ռուսերեն, «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն, 1997թ., ռուսերեն, «Հոգի և ազատություն», 2005թ.)։ 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։ Մահացել է Երևանում: