Zark Foundation

Էդուարդ Աղայան

Էդուարդ Աղայան

Լեզվաբան

16 մարտ, 1913 - 29 դեկտեմբեր, 1991

Ծնվել է ՀՀ Մեղրի քաղաքում: 1928թ. ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը: 1930-32թթ աշխատել է Մեղրու կոլտնտեսությունում` սկզբում որպես հաշվետար, ապա` հաշվապահ: 1933թ-ից ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետում` միաժամանակ աշխատելով ծխախոտի ֆաբրիկայում որպես հաշվապահ: 1938թ. ավարտել է համալսարանը և 1939թ. ընդունվել ասպիրանտուրա: 1941թ. պաշտպանել է թեկնածուական («Մեղրու բարբառը»), 1945թ.` դոկտորական («Հայ լեզվաբանության պատմություն») ատենախոսություն: 1942թ. նրան շնորհվել է դոցենտի, 1946թ.` պրոֆեսորի կոչում: 1953թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1982թ.` ակադեմիկոս: 1932թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ-ում, 1956-85թթ եղել է համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչը, 1968-91թթ` հայագիտական կենտրոնի ղեկավարը, 1986-90թթ` «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիրը, 1953-56թթ` ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, 1948-50թթ` բանասիրության ֆակուլտետի դեկանը: Հայաստանի բուհերում կարդացել է ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանական ուսմունքի պատմություն, լեզվաբանության ներածություն, հայերենի համեմատական քերականություն, հայոց լեզվի պատմություն, գրաբարի, պարսկերենի, լատիներենի քերականություններ, արևելյան բանասիրություն և այլ դասընթացներ: Երկար տարիներ աշխատել է նաև ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: 1950-53թթ եղել է փոխտնօրենը, 1963-91թթ` ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչը, 1947-48թթ` Հայաստանի լուսավորության նախարարության բուհերի վարչության պետը: Բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների Երևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում և այլուր: 1979թ-ից մինչև կյանքի վերջը եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահը: 1953թ. ընտրվել է Երևանի քաղխորհրդի, 1980թ. և 1985թ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Թողել է գիտական հարուստ ժառանգություն, որը վերաբերում է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության, քերականագիտության, բառագիտության, բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության և այլ հարցերի: Առանձնապես նշանակալից են նրա «Լեզվաբանության ներածություն» (1952թ., 1963թ., 1967թ.) աշխատությունը, որը ԽՍՀՄ բարձրագույն նախարարության կողմից երաշխավորվել է որպես միութենական բուհական դասագիրք և հրատարակվել ռուսերեն 1959թ., «Պատմահամեմատական մեթոդը լեզվաբանության մեջ» (1957թ.), «Գրաբարի քերականություն» (հատոր 1, 1964թ.), «Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը» (1967թ.), «Ընդհանուր և համեմատական բառագիտություն» (1984թ.) աշխատությունները: Մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագիտության բնագավառում` «Արդի հայերենի բացատրական բառարան» (1976թ.) երկհատոր գիրքը (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և այլն: Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ: 1945թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիություն», Խաչատուր Աբովյանի անվան մեդալով, 1983թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մի շարք պատվոգրերով: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: