Zark Foundation

Էդուարդ Արևշատյան

Էդուարդ Արևշատյան

Ճարտարապետ

8 մայիս, 1926 - 6 մայիս, 2007

Ծնվել է Երևանում: Եղել է իրավաբան, մշակութային գործիչ Սուրեն Արևշատյանի որդին, պատմաբան, փիլիսոփա Սեն Արևշատյանի եղբայրը, ճարտարապետ Սուլթանիկ Արևշատյանի ամուսինը: 1950թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1956թ-ից դասավանդել է նույն ինստիտուտում (1970թ-ից` դոցենտ)։ 1966-74թթ եղել է Հայաստանի Ճարտարապետների միության նախագահի տեղակալը, 1972-94թթ` Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են` Հայկոոպի վարչության և Երքաղխորհրդի գործկոմի շենքերը (երկուսն էլ` 1954թ.), «Ծիծեռնակ» միջազգային զբոսաշրջության ճամբարի շենքը (1956թ.), ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի շենքը (1986թ.), Աբովյան փողոցի ստորգետնյա առևտրային կենտրոնը և հետիոտն անցումը (երկուսն էլ` 1985թ.), Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջակայքի ճարտարապետական ձևավորումը (1981թ.), Մարշալ Բաղրամյանի հուշարձանի պատվանդանը (քանդակագործ` Նորայր Կարգանյան, 2003թ.) և այլն: Ձևավորել է Բուենոս Այրեսի, Լոս Անջելեսի, Մոնրեալի միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարները: 1971թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: