Ծնվել է Երևանում: 1947թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գեորգի Սարաջյանի դաշնամուրի, 1950թ.` Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարանները: 1951-53թթ կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1956-66թթ ղեկավարել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության գործիքային կվինտետը: 1953թ-ից դասավանդել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանում, 1961-87թթ՝ Երևանի կոնսերվատորիայում (1982թ-ից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950թ.), Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1950թ.), դաշնամուրային կվինտետ (1952թ.), Նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953թ.), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958թ.), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-60թթ), «Շախմատ» բալետը (1960թ.), Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (1972թ.), երգեր, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների համար (Գ.Տեր-Գրիգորյանի «Մեռնող Ֆլորա», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», Գ.Սունդուկյանի «Պեպո», ըստ Հ.Թումանյանի «Ոսկի քաղաք» և այլն), կինոերաժշտություն («Տժվժիկ», «Եռանկյունի», «Ջրհորի մոտ»): Կատարել է նաև հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976թ.): 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: