Zark Foundation

Էդուարդ Խարազյան

Էդուարդ Խարազյան

Գեղանկարիչ

20 հունիս, 1939 - 10 սեպտեմբեր, 2024

Ծնվել է Թբիլիսիում: 1958թ․ տեղափոխվել է Երևան։ 1966թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1964-84թթ ձևավորել է կինոնկարներ («Հայֆիլմ», «Մոսֆիլմ»), ներկայացումներ (Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): 1970-75թթ եղել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի գեղարվեստական դաստիարակության տան կերպարվեստի բաժնի վարիչը: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1977թ-ից դասավանդել է գեղանկարչություն Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: 1981-88թթ եղել է Երևանի Հ.Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գլխավոր նկարիչը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Բեյրութում: Որպես նկարիչ, հանդես է եկել մի քանի ֆիլմերում` «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Լենինն ու Ալին», «Մի կաթիլ մեղր»: Աշխատանքներից են` «Թափառական դերասաններ», «Կատագերգուներ», «Ներկայացում», «Դերասաններ», «Արևելյան ռիթմեր», «Վիճակներ», «Պահեր», «Հետքեր», «Ստվերների թատրոն», «Պատուհաններ», «Նատյուրմորտ» և այլն: «Նազարստան» նկարաշարում (1970-71թթ) արտահայտել է մարդկային կեցության անհեթեթությունը, վերստեղծել ժամանակի գրոտեսկային «դիմանկարը»: 1969թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում: Աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում: Մահացել է Երևանում։