Ծնվել է 1969թ. դեկտեմբերի 29-ին, Երևանում: 1986թ. ավարտել է Երևանի Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը: Մի քանի տարի հարվածային գործիքների մասնավոր դասեր է վերցրել Ռոբերտ Յոլչյանի մոտ: 1980-85թթ նվագել է «Լապտերիկ» մանկական վոկալ-գործիքային համույթում: 1986-92թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկակակ ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետի ռոբոտատեխնիկայի բաժնում: 1991-94թթ աշխատել է Լորիս Ճգնավորյանի ստեղծած Երևանի Երիտասարդական սիմֆոնիկ, 1994-2008թթ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբերում: 1991-2008թթ հարվածային գործիքներ է դասավանդել է Երևանի Ս.Ջրբաշյանիանվան երաժշտական դպրոցում: 1998-2006թթ մասնակցել է տարբեր դասընթացների այնպիսի երաժիշտների մոտ, ինչպիսիք են Բ.Ոուեյները, Ս.Բհատտաչարյան, Ք.Բոզորգպուրը, Օ.Հերնանդեզը: 1998թ., Արթուր Եղիկյանի հետ համատեղ, ստեղծել է «Հայ հարվածային արվեստի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որի հիմքի վրա կազմավորվել է «Ռիթմիկա» հարվածային գործիքների մասնագիտացված դպրոցը, որի տնօրենն է: 1999-2001թթ եղել է կազմակերպության նախագահը, միևնույն ժամանակ հանդիսացել է «PAS» (Հարվածային արվեստի ասոցիացիա) համաշխարհային կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչը: 1998թ. ղեկավարել և գործիքավորել է «Փոքր Ջազ» մանկական համույթը: Նվագել է «Time Report», «Երևան» խմբերի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական ջազային, Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի նվագախմբերի հետ և բազմաթիվ անգամ ներկայացրել է Հայաստանն ու նրա մշակույթը աշխարհի տարբեր երկրներում, կատարել է բազմաթիվ ձայանագրություններ և մասնակցել տարբեր համերգների: Համագործակցել է նաև հայ և արտասահմանյան տարբեր երաժիշտների, երգիչ-երգչուհիների հետ: 2006թ. հրավիրվել է ԱՄՆ Գլենդել քաղաքի միջազգային երաժշտական դպրոց` «Հայկական ժողովրդական ռիթմերն ու հայ ազգային հարվածային գործիքները» թեմայով դասախոսություն կարդալու: Տիրապետում է լատինամերիկյան, արևելյան հարվածային գործիքների: 2008-12թթ նվագել է «Cirque du Soleili» շոու-ծրագրում: