Zark Foundation

Էդուարդ Հովհաննիսյան

Էդուարդ Հովհաննիսյան

Բալետի արտիստ

Ծնվել է 2003թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում։ Առաջին պարային քայլերն սկսել է հոր հիմնած «Էդգար Հովհաննիսյան» պարային դպրոցում: 2012թ. ընդունվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան, սովորել է Տաթևիկ Ղարիբյանի և Հրաչյա Հովհաննիսյանի դասարաններում։ Երրորդ կուրսը դեռևս չավարտած սկսել է աշխատել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ։ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետում հանդես է եկել Կրասոսի դերում 18 տարեկան հասակում՝ լինելով առաջին ամենաերիտասարդ դերակատարը։ Պ.Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետում խաղացել է Մկների թագավորի դերը, ֆրանսիացի և ռուս տիկնիկ՝ սոլո հատված: Ներկայացել է նաև Ա.Ադանի «Ժիզել» (Գյուղացի, Պա դե դե), Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» (Խաղող, Հսկիչ), Ա.Շորի «Բյուրեղապակյա դղյակ» (Ծաղրածու) և այլ բալետներում: 2021-22թթ սովորել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում՝ Ջոն Նոյմայերի դպրոցում, ապա վերադարձել Երևանի օպերային թատրոն։ 2023թ. աշխատել է Ֆրանսիայի «Ֆրանս Կոնցերտ» բալետային ընկերությունում, որտեղ պարել է Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» բալետում, շրջագայել է եվրոպական մի շարք քաղաքներում։ 2020թ. մասնակցել է Մոսկվայի Պարի փառատոնին՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: 2019թ. Ա.Մեհրաբյանի բեմադրած «Փոքրիկ Իշխան» ներկայացման մեջ խաղացել է Գեներալի դերը։ Նույն թվականին Երևանում և Մոսկվայում մասնակցել է «Գլոբալ Ֆեստ» միջազգային փառատոնին՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։ 2014-18թթ «Ամբերդ» անսամբլի հետ շրջագայել է եվրոպական մի շարք քաղաքներում և մասնակացել տարբեր փառատոների, մրցույթների և միջոցառումների. Շտուտգարդում՝ Հայ մշակույթի օրերին, Թբիլիսիում՝ Վախթանգ Չաբուկիանիի անվան 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, Լյուբլինի միջազգային փառատոնին։