Ծնվել է Իրանում։ Սովորել է Թեհրանի Դավթյան և Ֆիրուզբահրամ դպրոցներում։ 1963թ․ ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, 1968թ․ ստացել է քաղաքաշինության մագիստրոսի կոչում, 1975թ․՝ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանում քաղաքաշինության և տարածքային զարգացման բնագավառներում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1970թ-ից Իրանում հիմնել և ղեկավարել է ճարտարապետական-քաղաքաշինական խորհրդատվական հիմնարկ։ 1980թ․ ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ 1992թ․ Վաշինգտոնում եղել է Ամերիկայի հայկական համագումարի վարչության նախագահը, 1993-95թթ` Երևանում Հայաստան համահայկական հիմնադրամի փոխտնօրեն և շինարարական բաժնի պետը, 1996թ․՝ Հայաստան Հիմնադրամ ԱՄՆ-ի գործադիր տնօրենը Նյու Յորքում, 1997-98թթ` Նյու Յորքում Արևելյան Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի գործադիր տնօրենը։ Աշխատել է նաև կատարողական արվեստի բնագավառում։ Իրանում հանդես է եկել որպես արհեստավարժ դերասան և ներկայացել է Վ․Շեքսպիրի («Օթելլո»), Ա․Չեխովի («Արջը»), Պրոսփեր Մերիմեի, Լիլիան Հելմանի, Ջոն Բոյնտոն Փրիստլիի պիեսներում, հայկական ազգային և համայնական միջոցառումների ժամանակ ասմունքել է Իրանում, ԱՄՆ-ում, և Անգլիայում։ 1995թ․ կնոջ` նկարիչ-բանաստեղծ Սոնյա Պալասանյանի հետ միասին, Երևանում հիմնել է Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ)։ 1995-2009թթ ՀՀ մշակույթի նախարարության հանձնարարությամբ ՆՓԱԿ-ի միջոցով Վենետիկի համաշխարհային արվեստի բիենալեներում կազմակերպել են Հայաստանի Հանրապետության տաղավարները։ 1998թ-ից հաստատվել է Հայաստանում։ 1998թ-ից, որպես Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի լիազոր ներկայացուցիչ, ղեկավարել է Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կառուցման աշխատանքները։ 2002-09թթ եղել է Երևանի Կասկադ համալիրին կից կառուցվող արվեստի թանգարանի գործադիր տնօրենն ու թանգարանի շինարարության ղեկավարը (2008-09թթ)։ Որպես ճարտարապետ ընդգրկվել է ՄԱԿ-ի համաշխարհային մասնագետների ցանկում։ Մահացել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում։