Ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում: 1944-48թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ուսման տարիները համընկել են Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ), որին ակտիվ մասնակցություն է ունեցել, զինվորներին քաջալերել, ոգեշնչել կազմակերպված համերգների ժամանակ: Այդ տարիներին պարգևատրվել է շքանշաններով` թիկունքում ունեցած անձնուրաց աշխատանքի համար: 1957թ. վերապատրաստման կուրսեր է անցել Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում: 1958-92թթ բեմական խոսք է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ուր մի քանի տարի ղեկավարել է բեմական խոսքի ամբիոնը: Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են «Արվեստ», «Գիտություն և տեխնիկա» ամսագրերում, տարբեր ժողովածուներում: Զեկույցներով, դասախոսություններով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հեղինակել է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» գիրքը, որը բեմական խոսքի առաջին դասագիրքն է հայերեն լեզվով: 1986թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: