Զեհրա Բիլիր
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում: Հայրը՝ Հարությունը դարձել է Հայոց ցեղասպանության (1915թ.) զոհ, իսկ մայրը հանուն երեխաների ներկայացել է որպես թուրք և ամուսնացել թուրքի հետ: 1927թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Երաժշտության դասեր է առել հայ երաժիշտ Արտակ Ջանդար-Թերզյանի մոտ։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1943թ., Ստամբուլի ռադիոյով: Հավաքագրել և ներկայացրել է թուրքական ազգային երաժշտությունը: Նրա առաջին ձայնագրությունները Վահրամ Կեսարյանի ձայնագրման ստուդիայում են արվել։ Նրան անվանել են «Թուրքիայի Էդիտ Պիաֆ»: Եղել է օպերետային պարուհի, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ։ Կարիերայի ամբողջ ընթացքում նա երբեք հրապարակավ չի խոստովանել իր հայկական ծագման մասին, իսկ թուրքերը կարծել են, թե թուրք է, քանի որ թուրքական անուն է ունեցել՝ Զեհրա Բիլիր։ 1985թ. Արաբկիրի այն փողոցը, որտեղ նրա տունն է գտնվել, անվանակոչվել է «Զեհրա Բիլիր»: Մի քանի անգամ հայտնվել է Հակոբ Այվազի հրատարակած «Քոնուք» ամսագրի շապիկին։ Մահացել է Ստամբուլում՝ ծերանոցում։ Տարբեր աղբյուրներ փաստել են, որ նրա իրական ազգանունը Սուրհանդակյան է եղել, մինչդեռ լրագրող Պերճուհի Բերբերյանը, ով Էլիզայի մանկության ընկերուհին է եղել, «Ակօս» թերթում լույս տեսած իր հոդվածում հերքել է այդ ինֆորմացիան։