Zark Foundation

Էլլադա Չախոյան

Էլլադա Չախոյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1946թ. հոկտեմբերի 26-ին, Երևանում: Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում (Ռոբերտ Անդրիասյան): 1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը՝ Գոհար Գասպարյանի դասարանը: 1977թ. մասնագիտական դասընթացներ է ունեցել Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում՝ պրոֆեսորներ Ջինո Չինիայի, Բելտրամի, Պաստորինոյի, Ամիզաննոյի մոտ: «Լա Սկալա»-յում ելույթից հետո «Վերդի» կոնսերվատորիան նրան պարգևատրել է մեդալով: 1973-88թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Բելլինիի «Նորմա» (Նորմա), Ռոսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Ջ.Վեդիի «Ռիգոլետտո» (Ջիլդա), «Տրավիատա» (Վիոլետտա), «Աիդա» (Աիդա), Պուչչինիի «Բոհեմ» (Միմի), Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Գ.Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր» (Լուչիա), Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղը» (Շամախի), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ) և այլն: Կատարել է նաև Ֆալկոներիի, Վիվալդիի, Սկարլատտիի, Հենդելի, Բելլինիի, Մենդելսոնի, Գլինկայի, Գ.Նարեկացու, Կոմիտասի, Մ.Եկմալյանի, Ռ.Մելիքյանի, Բ.Կանաչյանի, Հ.Պերպերյանի, Գ.Ալեմշահի ստեղծագործություններից: 1973թ. արժանացել է Գլինկայի անվան համամիութենական, 1981թ.՝ Մարիա Կալլասի անվան միջազգային վոկալիստների մրցույթների դափնեկրի կոչման, 1984թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 1988թ-ից բնակվում է Նյու Յորքում, որտեղ ստեղծել է ձայնամշակման ստուդիա և կամերային մենահամերգներով հանդես եկել Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և այլուր: