Էլմիաննա Աբրահամյան
Ծնվել է Գանձակում (այժմ` Կիրովաբադ): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1949թ-ից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի խմբագրությունում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1975թ.` Մոսկվայի հեռուստատեսության համամիութենական ինստիտուտի գլխավոր ռեժիսորների դասընթացները: 1946-48թթ աշխատել է Բաքվի Լ.Երամյանի անվան, 1953-57թթ` Երևանի ռուսական թատրոններում: 1953թ-ից (ընդհատումներով) դասավանդել է Երևանի պարարվեստի, երաժշտական ուսումնարաններում, թատերական ինստիտուտում: 1956թ-ից եղել է Հայաստանի հեռուստատեսության ռեժիսոր: Հեղինակել է բազմաթիվ մշակութային, մանկական, գիտական, գյուղատնտեսական հեռուստահաղորդաշարեր` «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Շախմատային այբուբեն», «Թատերական հուշեր», «Վարք ու բարք», «Հասմիկ» և այլն: Հեղինակել է նաև «Հայ թատրոնի պատմություն» հաղորդաշարը` նվիրված հայ բեմի մեծերին` «Սիրանույշ», «Պետրոս Ադամյան», «Վահրամ Փափազյան», «Հրաչյա Ներսիսյան», «Հովհաննես Աբելյան» և այլն: Նկարահանել է «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է․․․» ֆիլմը, որը 1964թ. արժանացել է Համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակին, 1965թ.` Պրահայի միջազգային կինոփառատոնի դիպլոմի: Լուիզա Սամվելյանի համագործակցությամբ ներկայացրել է համաշխարհային դրամատուրգիայի եզակի նմուշներ` բեմադրելով Արիստոֆանի «Ամպերը», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում» (երկուսն էլ` 1971թ.), Ջ.Բրունոյի «Մոմակալը» (1973թ.) և այլն: 1948թ-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 2006թ-ից` Բնական գիտությունների եվրոպական, 2009թ-ից` Բնության և հասարակական գիտության միջազգային, 2011թ-ից` Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիաների իսկական անդամ, 1992թ-ից՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի փոխնախագահը: Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի, մեդալների, մրցանակների: 1986թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.` ՀՀ «Մարշալ Բաղրամյան», 2009թ.` ՀՀ «Գարեգին Նժդեհ», 2018թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալների: Մահացել է Երևանում: