Ծնվել է 1934թ. դեկտեմբերի 6-ին, Թբիլիսիում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և 4-րդ երաժշտական դպրոցի երգեցողության դասարանում: 1956թ. ավարտել է Թբիլիսիի Ա.Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1963թ.՝ Թբիլիսիի Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիան՝ Ն.Բախութաշվիլի-Շուլգինայի դասարանը: 1962թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Փալիաշվիլու «Դաիսի» (Մարո), Ն.Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» (Մարֆա), Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» (Լյուչիա), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Ռոզինա), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), «Ռիգոլետտո» (Ջիլդա), Մոցարտի «Դոն Ժուան» (Ցերլինա) և այլն: Աչքի է ընկել կերպարների վոկալ-երաժշտական և բեմական հղկվածությամբ: Հանդես է եկել նաև համերգներով: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Գառնի» (1966թ.), «Պատանեկության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Եվս հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց Տատիկ» (1980թ.), «Մասնավոր դեպք» (1983թ.) և այլն: 1965թ. դարձել է Թբիլիսիի Անդրկովկասյան երաժշտական մրցույթի դափնեկիր: Համերգային շրջագայություններով հանդես է եկել Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, Արևելյան Եվրոպայի երկրներում, Հարավարևելյան Ասիայում և ԱՄՆ-ում: Եղել է վրացի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի մտերիմ ընկերուհին: 1992թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով: Համագործակցել է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ: Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը: 1978թ. արժանացել է Հայաստանի, 1985թ.՝ Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: