Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 28-ին, Երևանում: Արձակագիր, հոգեբան Էլդա Գրինի թոռն է, դաշնակահար Մարինե Աբրահամյանի դուստրը: 4 տարեկան հասակից երգել է: 1998թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: 12 տարեկան հասակից սկսել է ստեղծագործել: 2007թ. կազմավորել է «E.V.A.» ռոք խումբը և մասնակցել բազմաթիվ համերգների ու փառատոների Հայաստանում, Վրաստանում, Չեխիայում, Գերմանիայում: 2013թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի և «Ուրարտու» համալսարանի իրավաբանական հոգեբանության բաժնի մագիստրատուրան: Ձայնագրել է 15-ից ավելի երգեր, նկարահանել է 3 տեսահոլովակ, նաև գրել և կատարել է ստեղծագործություններ ֆիլմերի համար («Գերդաստան», 2010թ.): Նվագում է կիթառ: Բազմաթիվ անգամ առաջադրվել է ազգային մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում, «Van Music Awards» և «Phoenix» (Վրաստան) մրցանակաբաշխությունների մրցանակիր է: 2009թ-ից Երևանի պետական Խամաճիկների թատրոնի կոմպոզիտորն է, 2014թ-ից աշխատում է նույն թատրոնում նաև որպես դերասանուհի: 2011թ. Գերմանիայում մասնակցել է Կոմիտասի անվան մրցույթ-փառատոնին, որտեղ արժանացել է «Կոմիտասի լավագույն մեկնաբան» մրցանակին, իսկ 2013թ. եղել է միակ մասնակիցն, ով մասնակցել է միաժամանակ 2 մրցութային բաժիններում (դաշնամուր, վոկալ), արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» և դաշնամուրային մրցույթի 3-րդ մրցանակին: 2015թ. «Հուսո առագաստ» հեղինակային երգի համահայկական փառատոնին ընդգրկվել է լավագույն տասնյակում: