Zark Foundation

Էվելինա Շահիրյան

Էվելինա Շահիրյան

Դերասանուհի

Ծնվել է 1941թ. հունիսի 13-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1959թ. ավարտել է Մ.Գորկու անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներից նկարահանվել է «Մեր թաղի ձայները» ֆիլմում: 1960-61թթ աշխատել է հեռուստատեսությունում` որպես հաղորդավար: 1966թ. ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա: Ուսման տարիներին նկարահանվել է «Կարինե» (1967թ.) և «Մորգանի խնամին» (1970թ.) ֆիլմերում: 1969թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ կերտել է ավելի քան 60 դեր բազմաթիվ ներկայացումներում` Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Եվա), Ժ.Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» (Վալանտին), Ի.Ժամյակի «Մսյո Ամիլկար» (Էլեոնորա), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Վարդուկ), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գերտրուդ), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Ջուլիա), Մ.Սովաժոնի «Չաո» (Տիկին Մարտինե), Ս.Հարությունյանի և Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Կին), Բ.Սլեյդի «Վերջին ծաղրածուն» (Գլեդիս) և այլն: Թատրոնում, հեռուստաթատրոնում, կինոյում և ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 պիեսներում: Հեռուստաթատրոնում խաղացել է «Երբ երգում են սոխակները», «Մկան թակարդ», «Հետադարձ կապ», «Պիկ ժամ», Ա.Արբուզովի «Տանյա», Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» և այլ պիեսներում: Նկարահանվել է «Կտոր մը երկինք» (1980թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Արտիստը» (2010թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.) և այլ ֆիլմերում: Մասնակցել է Մոսկվայի կինոպրոպագանդայի բյուրոյի կազմակերպած «Ընկեր կինո» թատերականացված կինոներկայացմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանը: Մասնակցել է բազմաթիվ տասնօրյակների և փառատոների, վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի, «Հակոբ Մեղապարտ» և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների, 2012թ.` ՀՀ ԱԺ ոսկե մեդալի, 2014թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: