Էրազմ Մելիք-Քարամյան
Ծնվել է Փարիզում: 1935թ. ավարտել է Խարկովի թատերական ուսումնարանը: Աշխատել է Սիբիրի և Մոսկվայի թատրոններում, 1936թ-ից` հայկական կինոյում` նախ ռեժիսորի ասիստենտ, ապա երկրորդ ռեժիսոր, մասնակցել է «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Լեռնային արշավ», «Լեռնային հեղեղ» (երկուսն էլ` 1939թ.), «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.) գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը: 1947-54թթ եղել է փաստագրական, 1954թ-ից` գեղարվեստական կինոյի ռեժիսոր: Նկարահանել է «Հայաստանի ամառանոցները» (1940թ.), «Սովետական բանակի մուտքը Իրան» (1941թ.), «Սևանի կասկադը» (1948թ.), «Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը» (1952թ., Յուրի Երզնկյանի հետ) և այլ վավերագրական ֆիլմեր: Գեղարվեստական կինոնկարներից են` «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Անձամբ ճանաչում եմ» (1957թ.), «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969թ., բոլորն էլ` Ստեփան Կևորկովի հետ), «Նասրեդինը Խոջենթում» (1960թ., Համո Բեկնազարյանի հետ, «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա), «Տասներկու ուղեկից» (1962թ.): Մասնակցել է իր մի շարք ֆիլմերի սցենարների ստեղծմանը: Արժանացել է բազմաթիվ պետական մրցանակների և մեդալների: 1967թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1966թ.` Հայաստանի, 1971թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: