Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 14-ին, Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: 1997-99թթ պարել է Վ.Խանամիրյանի ղեկավարած «Սեբաստիա» պարախմբում: 1999-2001թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2002-06թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանական արվեստ» բաժնում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում: 2005թ. Երևանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդում ներկայացրել է ԵԹԿՊԻ-ն: 2006-08թթ եղել է ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահը, կառավարման խորհրդի, գիտական խորհրդի, ռեկտորատի անդամ: 2006-10թթ սովորել է ԵԹԿՊԻ թատրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրայում (ղեկավար՝ Հենրիկ Հովհաննիսյան): 2006-07թթ հանդիսացել է ԵԹԿՊԻ «Արվեստ» ուսանողական ամսագրի թողարկման գլխավոր պատասխանատուն։ 2008թ. հիմնադրել է «Գիսանե» երիտասարդական թատերական փառատոնը: 2008-10թթ ԵԹԿՊԻ կինոարվեստի ամբիոնում դասավանդել է «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» առարկան։ 2008-09թթ եղել է «TV 5» հեռուստաընկերության լրատվական բաժնի միջազգային լուրերի համակարգող և հաղորդավար: 2009-11թթ հանդիսացել է «Թատրոն Իքս» հանրապետական թատերական փառատոնի գլխավոր պրոդյուսերը, ՀՀ ազգային թատերական ստեղծագործական միավորման վարչության անդամ և գլխավոր պրոդյուսերը: 2010թ. եղել է ԱՊՀ անդամ երկրների «Reading Fest» արդի դրամատուրգիայի առաջին միջազգային բաց փառատոնի գլխավոր պրոդյուսերը: 2010-11թթ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որպես «Երիտասարդության կենտրոն» հեռուստանախագծի հեղինակ-վարող, իսկ 2012-13թթ նույն հեռուստաընկերությունում եղել է «Մշակութային շրջանակ» հեռուստանախագծի հեղինակ-վարողը, 2012-21թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրենը: 2013թ. տնօրինել է Այվազյանական թատերական հանրապետական փառատոնը: 2013-17թթ եղել է «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի հիմնադիր-տնօրենը: 2014թ. հանդիսացել է ՀՀ և Վրաստանի մշակույթի նախարարությունների կազմակերպած Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված գալա-համերգի գործադիր պրոդյուսերը։ 2015-21թթ ԵԹԿՊԻ սոցիալ-մշակութային գործունեություն (արվեստի կառավարում) ամբիոնում դասավանդել է «Միջոցառումների կառավարում» և «Հռետորական արվեստ» առարկաները։ 2014-16թթ սովորել է Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ (PR)» բաժնի մագիստրատուրայում։ 2016-17թթ Երևանի մշակույթի պետական քոլեջում դասավանդել է «Սոցիալ մշակութային գործունեություն և ժողովրդական-գեղարվեստական ստեղծագործություն» առարկան։ 2016թ. և 2018թ. ընտրվել է Երիտասարդ ստեղծագործողների միության նախագահ։ 2016-17թթ եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի համակարգողը, 2017-19թթ՝ Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնի փոխտնօրենը, 2018-19թթ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս: 2021-22թթ Բեռլինում գործող Հայ գերմանական և միջազգային մշակութային կենտրոնում դասավանդել է «Խոսքի կուլտուրա և միջմշակութային հաղորդակցություն» առարկան, որպես գեղարվեստական ղեկավար հիմնադրել և ղեկավարել է կենտրոնին կից «Դիմակ» թատերական ստուդիան: