Ծնվել է Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1972թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1983-87թթ եղել է Հայաստանի նկարիչների միության քարտուղարը: Նրա հայտնի քանդակներից են՝ «Արձագանք» (1973թ., Հայաստանի ազգային պատկերասրահ, բրոնզ), «Քույրիկ» (1976թ., Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահ, բրոնզ), «Ուսանողի դիմաքանդակ» (1976թ., Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, բրոնզ), «Առաջին շինարարները» (1979թ., Վիլնյուսի գեղարվեստի թանգարան, բրոնզ), «Հայ դատ» (1988թ., գիպս), «Հիմա՞ էլ լռենք» (1989թ., գիպս), «Թռչնավաճառ Շողերը» (2002թ., բրոնզ, Երևան), Սուրեն Սպանդարյանի հուշարձանը (1982թ., բրոնզ), Սևքարեցի Սաքոյի կիսանդրին Ծաղկաձորում (1988թ., բրոնզ), Անդրանիկ Օզանյանի ձիարձանը Գյումրիում, Հայ ազգային ազատագրական պայքարի գործիչների 15 բրոնզաձույլ դիմաքանդակներով հուշահամալիրը Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանում (1988թ.), Անանիա Շիրակացու արձանը Սպիտակում (1990թ., բրոնզ), 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի «Փյունիկ» հուշարձանը ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Ռիչֆիլդ քաղաքի Սբ. Վարդանանց եկեղեցու դիմաց (1997թ., բրոնզ, գրանիտ), «Մամիկոն Ֆարսյան» դիմաքանդակ (բրոնզ) և այլն: 1975թ. և 1976թ. արժանացել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի 1-ին մրցանակի և ոսկե մեդալի, 1977թ.՝ ՀամԼԿԵՄ մրցանակի: Մահացել է Երևանում: