Zark Foundation

Թաթա Սիմոնյան

Թաթա Սիմոնյան

Երգիչ

Ալբերտ Սիմոնյան
Ծնվել է 1962թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի Վ.Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում: Ստեղծագործական կյանքը սկսվել է 1980թ-ից «Կիլիկիա» անսամբլի կազմում: 1990-ականների սկզբին հանդես է եկել «Էրեբունի» անսամբլում: 1991թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Նրա երգերի մեծ մասը հիթեր են դարձել և միշտ առաջատար հորիզոնականներում են եղել հեռուստատեսության և ռադիոյի եթերներում: Կատարել է դուետներ Նունե Եսայանի, Լյուբով Ուսպենսկայայի, Անատոլի Դնեպրովի և այլ հանրահայտ երգիչների հետ: Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ: Նկարահանվել է «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1998թ.), «Մեր բակը 3» (2005թ.), «Աստղային սեր» (2009թ.) ֆիլմերում: 2008թ. Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Հայ փոփ երաժշտության արքա» տիտղոսին: Նույն թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը «Արմենիա» հեռուստաընկերությամբ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է ինքը: Համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում: Թողարկել է «Ասպարեզ» (1996թ.), «Թե աջ, թե ձախ» (1998թ.), «Ով է նա» (1999թ.), «Վախենում եմ, որ կասես չէ» (2000թ.), «Շաբա-դաբա-դաշ» (2001թ.), «Անձրև է եկել» (2003թ.), «Երեկոն իջավ» (2003թ.), «Թևավոր քամիներ» (2006թ.), «Ամենալավը դու ես» (2009թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան 20 տեահոլովակ: 2012թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 2006թ. արժանացել է Հայաստանի վաստկավոր արտիստի կոչման: