Zark Foundation

Թամար Հովհաննիսյան

Թամար Հովհաննիսյան

Երաժշտագետ, դաշնակահար

Ծնվել է 1948թ. ապրիլի 14-ին, Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտացված դպրոցը: 1966-71թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1985-87թթ` Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դիսերտանտուրայի երաժշտագիտության բաժնում: 1976-82թթ հանդես է եկել որպես «Հայհամերգ» միավորման մենակատար: 1982-88թթ և 1992-93թթ վարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոկոմիտեի երաժշտական խմբագրության ավագ խմբագրի պաշտոնը: 1988-92թթ աշխատել է Հայաստանի Հանրագիտարանի գլխավոր խմբագրության արվեստի բաժնում` որպես ավագ գիտաշխատող և երաժշտության բաժնի վարիչ: 1990-ականներին աշխատել է ԱՕԿՍ-ում՝ որպես երաժշտական միջոցառումների կազմակերպիչ և բանախոս: 1991թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1993-95թթ վարել է «Առագաստ» թերթի մշակույթի բաժնի վարիչի, 1996-98թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական հարցերով խորհրդատուի պաշտոնները: 1997-2000թթ եղել է «Ազգ» օրաթերթի մշակույթի բաժնի վարիչը: 1995-2007թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Որպես դաշնակահար, յուրաքանչյուր ներկայացումից առաջ հանդես է եկել մենահամերգով: 2004թ-ից Բեյրութի «Ազդակ» օրաթերթի մշակույթի բնագավառի Հայաստանի ներկայացուցիչն է: 2009-11թթ աշխատել է Երևանի Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ որպես մշակութային միջոցառումների կազմակերպիչ և վարող: Հեղինակել է գրքեր, հոդվածներ, շուրջ 400 հաղորդում: Հանդես է եկել նաև որպես լրագրող, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ: Հոդվածները տպագրվել են «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Գարուն», «Առագաստ» (ԱՄՆ), «Համայնապատկեր» (ԱՄՆ), «Շիրակ» (Լիբանան) և այլ ամսագրերում, «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Երեկոյան Երևան», «Ազգ», «Առավոտ», «Գրական թերթ», «Արև» (Եգիպտոս), «Գանձասար» (Սիրիա), «Զարթօնք» (Լիբանան) և այլ թերթերում, նաև հանրագիտարաններում: Զեկուցումներով հանդես է եկել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Թբիլիսիում, Ստեփանակերտում, Հալեպում, Բեյրութում: 1994թ-ից նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է: 1987թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: