Zark Foundation

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն

Մշակութային կենտրոն

Հիմնադրվել է 1856թ., Թիֆլիսում՝ վիրահայ համայնքի ջանքերով։ Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է աշխարհում։ 1824թ-ից Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում հայերենով բեմադրվել են ներկայացումներ, ինչն էլ թատրոնի ստեղծման հիմք է դարձել։ 1880-ական թվականներին թատրոնի բարգավաճման գործում մեծ է եղել Պետրոս Ադամյանի դերը։ Թատրոնի հետագա գործունեությունը կապվել է Հակոբ Պարոնյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունների հետ։ Դերասանական խումբը ղեկավարել է Գևորգ Չմշկյանը։ Թատրոնի ձևավորման մեջ մեծ ավանդ է ունեցել Գաբրիել Սունդուկյանը, ում «Էլի մեկ զոհ» և «Պեպո» պիեսները բեմադրվել են թատրոնում։ 1905-07թթ հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք է ապրել։ 1910-ական թվականներին դերասանական կազմի մեջ են եղել բեմի վարպետներ Հասմիկը, Իսահակ Ալիխանյանը, Պետրոս Ադամյանը, Օլգա Գուլազյանը, Քնարիկը, Միքայել Մանվելյանը, Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը և այլք։ 1918-20թթ թատրոնի համար եղել են ճգնաժամային։ 1921թ. մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվան։ Առաջին ներկայացումը եղել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»-ը։ Թատրոնում աշխատել են Վաղարշ Վաղարշյանը և Հովհաննես Բաղդասարյանը։ 1936թ. մարտին թատրոնին հատկացվել է առանձին շենք Հավլաբարում։ 1991թ. թատրոնը վերանվանվել է Պետրոս Ադամյանի անունով։ Թատրոնում բեմադրված ներկայացումներից են՝ Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս», «Կործանվածը», Ֆ.Շիլլերի «Ավազակները». Գ.Ալթունյանի «Արտաշես թագավորը և Սաթենիկը», «Սեր և խարդավանքը», Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա», Պ.Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը», Ա.Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» և այլն: 1984թ. թատրոնը արժանացել է Վրաստանի Պատվո շքանշանի: 1994թ-ից թատրոնը ղեկավարում է բեմադրիչ, դերասան Արմեն Բայանդուրյանը: