Ծնվել է Կոստանդնուպոլսում: Մայրը եղել է իտալուհի, հայրը՝ հունախոս կաթոլիկ հայ։ Տասը տարեկան հասակում ընդունվել է Պերայի Մխիթարյանների վարժարան, որտեղ մի տարի սովորելուց հետո ուղարկվել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան: Այստեղ ստացել է հիմնավոր կրթություն` հմտանալով գրաբարի, իտալերենի, ֆրանսերենի և հունարենի մեջ։ Իմացել է նաև անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներ։ 1858թ. վերադարձել է Կ.Պոլիս, աշխատել Կեդրոնական վարժարանում` որպես հայոց լեզվի և ֆրանսերենի ուսուցիչ։ Նրան աշակերտել են Եղիա Տեմիրճիպաշյանը, Գրիգոր Զոհրապը, Երուխանը, Օննիկ Չիֆթե-Սարաֆը և ուրիշներ։ Կեդրոնական վարժարանի բացման առաջին տարուց պաշտոնավարել է այնտեղ։ Լույս են տեսել գրողի «Հռիփսիմէ», «Սանդուխտ» (1862թ., բազմիցս բեմադրվել է) ողբերգությունները, «Յովսէփ գեղեցիկ» (1872թ.) դրաման: Գրել է Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի լիբրետոն (1868թ.), որը հրատարակվել է 1871թ., առաջինը հայ իրականության մեջ հայերեն և իտալերեն լեզուներով: Թարգմանել է Անակրեոնի բանաստեղծությունները՝ հին հունարենից, կազմել ֆրանսերենի դասագրքեր` «Նոր քերականութիւն գաղղիերէն լեզուի» (1868թ.), «Գործնական քերականութիւն ֆրանսերէն լեզուի» (1873թ.) և այլն, որոնցից մի քանիսը արժանացել են հինգից վեց տպագրության: 1929թ. Վենետիկում լույս է տեսել նրա երկերի ժողովածուն, երկու ստվար հատորով, որտեղ տեղ են գտել ինքնուրույն և թարգմանական մի շարք անտիպ գործեր։ Հատորը հրատարակվել է Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով։ Մահացել է Կոստանդնուպոլսում: