Թովմաս Նոր-Ջուղայեցի
Ծնվել է Նոր Ջուղայում (այժմ՝ Իրանում)։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական առևտրական դպրոցում։ Հետագայում տեղափոխվել է Հնդկաստան, ուսումնասիրել ծովագնացություն և դարձել նավապետ։ Զբաղվել է առևտրով՝ դառնալով հնդկահայ խոշոր վաճառականներից մեկը։ Տիրապետել է պարսկերեն, հինդի և անգլերեն լեզուներին։ Եռանդորեն մասնակցել է հնդկահայ հասարակական-քաղաքական ու հոգևոր-մշակութային կյանքին։ Սերտ կապեր է ունեցել Բենգալիայի (որտեղ հավանաբար եղել է նրա մշտական բնակության վայրը) և Մեծ Մողոլների արքունի բարձրաստիճան անձանց հետ։ Անձամբ ճանաչել է անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի ազատագրական կռիվների (1760-64թթ)՝ հնդիկ ու հայ որոշ ղեկավար մասնակիցների (Միր Կասում-Ալի, Գորգին-խան և այլն)։ Որպես հնդկահայ համայնքի ներկայացուցիչ՝ մեկնել է Լոնդոն և անգլիական կառավարությանը բողոք ներկայացրել ընդդեմ Արևելահնդկական ընկերության ու Բենգալիայի գեներալ-նահանգապետ Վանսիթարտի (Վենստադ, 1760-64թթ)՝ հայ վաճառականների նկատմամբ նրանց ապօրինի գործողությունների և բռնությունների համար։ Մի քանի տարի մնալով Լոնդոնում՝ բազմիցս հանդես է եկել անգլիական խորհրդարանում, հաղթահարել անգլիացիների կողմնապահությունը, շահել դատը և ստացել հնդկահայերի պահանջը՝ 500 հազար դահեկանը։ Այնուհետև վերադարձել է Հնդկաստան և 1768թ. գրել «Պատմություն Հնդկաց» աշխատությունը։ Նրա հետագա գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Նրա աշխատությունն ընդգրկում է 14-րդ դարի սկզբից մինչև 1764թ. միջև ընկած ժամանակաշրջանի Հնդկաստանի աշխարհագրության, տնտեսության, չափ ու կշիռների, քաղաքական անցքերի, կրոնի, Մալաբարի քրիստոնյաների, հնդկահայ համայնքի, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության ու խաղացած դերի և այլ հարցերի համառոտակի շարադրանքը՝ շուրջ 455 տարվա պատմություն։ Հին շրջանի պատմությունը շարադրելիս օգտվել է Մեծ Մողոլների մայրաքաղաք Էլաբազի (Ալահաբադ) արքունի դիվանի նյութերից, իսկ ուշ շրջանի համար՝ օգտագործել դեպքերի մասնակիցների, ականատեսների տեղեկությունները և զանազան փաստաթղթեր։ Ենթադրվում է, որ օգտագործել է նաև ծովային քարտեզներ ու ատլասներ։ Աշխատության բնագիրը մեզ չի հասել։ Առայժմ հայտնի միակ ընդօրինակությունը (1821թ.) պահպանվում է Հնդկաստանում՝ հայկական ձեռագրերի՝ Սպահանի հավաքածուում։ Երկը բաղկացած է երկու մասից, բայց հրատարակվել է միայն երկրորդը (առաջինից առանձին գլուխներ լույս են տեսել 1822թ., Կալկաթայում՝ «Շտեմարան» ամսագրում)։ Այն տպագրվել է նաև ռուսերեն (1968թ.)։ Նրա երկը պատմագիտական զգալի արժեք ունի։ Այն առանձնապես կարևոր աղբյուր է Հնդկաստանի գաղութացման, հնդիկ ժողովրդի ազատագրական պայքարի, դրանում հայերի մասնակցության մասին անգլիական աղբյուրների, միտումնավոր խեղաթյուրումների և միակողմանիության բացահայտման, ինչպես նաև Մալաբարի քրիստոնյաների և հնդկահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար։ Մահացել է Հնդկաստանի Աքրա քաղաքում, թաղվել է Դելիի հայկական հին գերեզմանատանը, ուր այժմ էլ կանգուն է նրա հուշարձան-շիրիմը։