Zark Foundation

Թորոս Ռասթկելենյան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

12 դեկտեմբեր, 1934 - 29 հուլիս, 2020

Թորոս Ռասթ-Կլան
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Հորից ժառանգել է պղնձագործի ավանդական արհեստը, զբաղվել դրվագումով և արձանագործությամբ: 1966թ. «Ազատագրված արաբ կինը» միջազգային մրցույթում նրա յոթմետրանոց «Ազատության ջահ» արձանը շահել է առաջին մրցանակ և տեղադրվել Հալեպի հրապարակներից մեկում: 1967թ-ից բնակվել է Դրոմ դեպարտամենտի Ռոման քաղաքում: 1968թ-ից ցուցադրվել է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների պատկերասրահներում և ցուցահանդեսներում: Նրա բրոնզե և պղնձե մոնումենտալ 15 քանդակներ տեղադրված են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Մարսելում, Էքս Ան Պրովանսում, Վալանսում և Սենտ Էտիենում տեղադրված կոթողները առանձնանում են մետաղամշակման նրբությամբ և խիստ ընդհանրացված ծավալաձևերով` «Սրնգահարը» (1978թ.), բրոնզ, տեղադրված` Ռոմանի փոքրիկ հրապարակում, «Ընտանիք» (1999թ.), բրոնզ, «Սիրեն» (2001թ.), համաձուլվածք և այլն: Կերտել է նաև դիմաքանդակներ` «Սայաթ-Նովա», «Ստեփան Շահումյան», «Գալուստ Գյուլբենկյան» և այլն: 2009թ. քանդակագործի կերտած Սայաթ-Նովայի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրվել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում: 2003թ-ից եղել է Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի գրականության, գիտության և արվեստների ակադեմիայի անդամ: 1984թ. և 2000թ. արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի 1-ին և 2-րդ աստիճանների շքանշանների, ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: Մահացել է Ֆրանսիայի Ռոման քաղաքում: