Zark Foundation

Ժան Ալմուխյան

Ժան Ալմուխյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

6 հոկտեմբեր, 1932 - 14 մայիս, 2021

Ծնվել է Հունաստանի Պիերա քաղաքում: 1947թ. տեղափոխվել է Բուենոս Այրես, որտեղ ստացել է երաժշտական կրթություն հանրահայտ երաժիշտների մոտ: 1957թ-ից հիմնել է տեղի «Հայ երաժշտության բարեկամներ» ընկերությունը և «Արաքս» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել: Նրա ղեկավարությամբ, երգչախումբը կատարել է շուրջ 400 հայկական, արգենտինական և այլ ազգերի երաժշտություններ, հանդես եկել համերգային շրջագայություններով (Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա, Իրան, Եվրոպա), արժանացել պետական պարգևների ու մրցանակների: Կոմպոզիտորը հեղինակել է Երգչախմբային, կամերային, սիմֆոնիկ երկեր, մեներգեր, ջութակի կոնցերտ, դաշնամուրային երկեր («Հայկական սյուիտ», 1956թ. և այլն), խմբերգեր հայ բանաստեղծների տեքստերով, որոնք հնչել են Արգենտինայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Բոլիվիայում, Ուրուգվայում և այլուր: 1960-80թթ հեղինակային համերգներով բազմիցս այցելել է Հայաստան: Եղել է Արգենտինայի կոմպոզիտորների միության անդամ է: 1972թ. Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա. Կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց», իսկ 1982թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի կողմից՝ Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով: 1987թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակին, 2013թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի: Մահացել է Բուենոս Այրեսում: