Zark Foundation

Ժան Գառզու

Ժան Գառզու

Գեղանկարիչ, բեմանկարիչ

1 հունվար, 1907 - 12 օգոստոս, 2000

Գառնիկ Զուլումյան
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: 1918թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս: Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924թ. կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929թ. ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան: 1929թ. ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացել է մրցանակի: 1929թ-ից մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին: 1938թ. ստացել է Սբ. Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ: Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը: 1930-40-ական թվականներին նկարչի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում: Հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները: Չնայած նրա արվեստում դոմինանտությունը պատկանում է ուրվագծին` գույնը նրա համար կարևոր արտահայտչամիջոց է: Նրա հորինվածքների մեծ մասը հիմնված է գունային հարթությունների (արտացոլում են երկինքը, հողը, ծովը) և ցանցահյուս նախշերի հակադրության վրա: Լիտոգրաֆիական շարքերում փոփոխություն մտցնելով գունային համակարգում` նկարիչը հասնում է միևնույն հորինվածքային մոտիվի տարբեր կերպարային հնչեղությանը: 1950-ական թվականներից մեծ համբավի է արժանացել, երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերզամական տրամադրությունները խորհրդանշող պատկերները` լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ արտացոլված է ամայության և տագնապի զգացողությունը: Գործերում իրականությունը ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի` տեսիլ-աշխարհներ: Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է` արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտային զգացման խորհրդավոր մթնոլորտ: Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց: Հանրահայտ գործերից են` «Երազների ծովախորշը» (1951թ.), «Վենետիկ» (1953թ.), «Բուժիվալի լքված պալատը» (1954թ.), «Ապոկալիպսիս» (1957թ.), «Երկաթուղի» (1958թ.), «Երկրային դրախտ» (1959թ.), «Լքված նավահանգիստը» (1966թ., վիմագրություն), «Քաղաքը» (1972թ.) և այլն: Հայտնի է նաև որպես բեմանկարիչ: Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ: Օֆորտներով են նկարազարդված Անդրե Վերդեի «Գրավված սիրտ, դառը սեր»-ը (1965թ.) և Արթուր Ռեմբոյի «Լուսախաղ» ժողովածուները: Վիմագիր նկարազարդումներ ունեն Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» (1964թ.), Ալբեր Քամյուի «Հուշատետր» (1965թ.), Գոնկուր եղբայրների անունը կրող ակադեմիայի «Փարիզյան ակնարկներ» (1965թ.), Էդգար Պոյի «Կրկնակի սպանություն Մորգ փողոցում» (1969թ.), Ժյուլ Վեռնի «Երկրից լուսին» (1970թ.), Էժեն Իոնեսկոյի «Փշրտված թերթ», նաև Գառզուի «Ուղևորություն Հայաստան» (1974թ.), «Շրջված քաղաքը», «Անդրանիկը և սուրբ լեռը», «Մահը լճափին», «Կանաչ ձեռքը», Ժուլիեն Կրագի «Արկոլի պալատում» գրքերը: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, ներկայացել անհատական ցուցահանդեսներով Փարիզում (1939թ., 1975թ.): 1966թ. առաջին անգամ այցելել է Հայաստան և հայրենիքում կազմակերպել «Ապոկալիպսիս», «Երկրային դրախտ», «Պրովանս», «Ամառային լույս» վիմագրական շարքերից կազմված անհատական ցուցահանդեսը: Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների` 50 գրաֆիկական գործեր: Երեք անգամ արժանացել է Հոլմարկի մրցանակին (1943թ., 1951թ., 1953թ.) և Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի: 1979թ-ից եղել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Մահացել է Փարիզում: