Zark Foundation

Ժան Էլոյան

Ժան Էլոյան

Դերասան, ասմունքող

18 փետրվար, 1912 - 3 մարտ, 1984

Ծնվել է Խնուս գավառի Էլպիս գյուղում: 1929-31թթ սովորել է Լենինականի թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) դրամատիկական ստուդիայում: 1931-33թթ եղել է Կիրովականի թատրոնի (այժմ` Վանաձորի Հ.Աբելյանի անվան թատրոն) դերասան: 1933-58թթ աշխատել է Լենինականի թատրոնում և եղել է տեղի ֆիլհարմոնիայի տնօրենը: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Լ.Միքայելյանի «Վարազդատ» (Վարազդատ), Վ.Փափազյանի «Ժայռ» (Ալեքսանդր), Շիլլերի «Ավազակներ» (Ֆրանց), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սեյրան), Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի» (Գագիկ թագավոր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ) և այլն: 1958թ. տեղափոխվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որտեղ խաղացել է Գ.Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը» (Եզովպոս), Վ.Դավթյանի «Մհերի դուռը» (Քեռի Միրո) և այլ ներկայացումներում: Լայն ճանաչում է գտել նաև ասմունքով` Խ.Աբովյանի «Վերք Հայաստանին», Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը», Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը», Պ.Սևակի «Անլռելի զանգակատունը», Գ.Էմինի «Սասունցիների պարը» և այլն: Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ: 1960թ-ից նկարահանվել է կինոյում` «Հյուսիսային ծիածան», «Հարսնացուն հյուսիսից», «Դեռ ապրում ենք», «Եռանկյունի» և այլն: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1965թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: