Ծնվել է 1953թ. հուլիսի 25-ին, Կահիրեում: Օպերային երգչուհի Աննա Նշանյանի որդին է և դերասանուհի Շաքե Թուխմանյանի ամուսինը: 1971թ. ավարտել է Երևանի Կռուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժին: 1976-80թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Ֆեդերիկո), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Արտակ), Վ.Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» (Գագիկ), Լ.Ռիչարդսոնի «Անտառի զավակները» (Դիկոն) և այլն: Մասնակցել է ռադիո և հեռուստատեսային ներկայացումների: 1980թ-ից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ 1983թ. կնոջ հետ հիմնել է Վարդան Աճեմյանի անվան թատրոնը: Բեմադրել և խաղացել է մոտ 30 ներկայացումներում: Հոլիվուդում նկարահանվել է Գ.Գրեյի «Սթափ եղիր», Մ.Զիմբերգի «Աչքեր», Ա.Նիկոլի «Զենքի արքան», Ժ.Փ.Գեյզերի «Օպերացիա Ի» և այլ ներկայացումներում: Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոններում բեմադրել է Խ.Արամունու«Անվերադարձ ապագա» և Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացումները: Հայաստանի ազգային կինոկենտրոնում նկարահանվել է ավելի քան 13 ֆիլմերում` «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Հերոստրատ» (2002թ.), «Ժանո» (2004թ.), «Մետամորֆոզ» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «Սողանք» (2009թ.), «30 տարի, 3 օր» (2009թ.), «Վանա ծովու արշալույսը» (2011թ.), «Փուշ» (2012թ.), «Քայլ ձիով» (2013թ.) և այլն: 2015թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Բ.Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» (Ջեյսն Քարմայքլ), «Վերջին ծաղրածուն» (Լու) ներկայացումներում: 2014թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: