Ծնվել է 1949թ. հուլիսի 28-ին. Արցախի Վանք գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Լենինյան շրջանի «Ավտոպահեստամասերի», այնուհետև` «Մետ-Շին» գործարաններում: 1969թ. ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: Բարձրագույն կրթություն ստանալուց հետո հրավիրվել է պետական հեռուստատեսային թատրոն, ապա` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս: Անձնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Մարդկային գազանանոց» (Գանկա), Ա.Քամյուի «Սիզիփոսի քարը» (Մայր), «Գաղտնիքը» (Նազլու), Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» (Նազենի), Գ.Խուգաևի «Իմ զոքանչը» (Զառա), Ա.Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (Մանուշ), Ռ.Թոմայի «Ութ սիրագորով կանայք» (Սյուզոն), Ա.Պապայանի«Արևը ձեզ հետ» (Վարդուհի), Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Էժենի), Պսաֆասի «Հիմարից հիմարը» (Ուրանիա) և այլն: 1990թ. հիմնադրել է «Հայրենիք» կուսակցությունը, իսկ 1991թ. ընտրվել է կուսակցության նախագահ: Պատերազմից հետո շարունակել է զբաղվել արվեստով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, բարեգործական աշխատանքներով: Զբաղվել է նաև գրական գործունեությամբ, ուսումնասիրել է Հայոց պատմություն: Հեղինակել է «Առան-Արցախի տերերի ու նրանց ժառանգների մասին» գիրքը, Գանձասարի հիմնադրման և Հասան Ջալալի Արցախի թագավոր հռչակվելու 790-ամյակին նվիրված «Պատմամշակութային օրացույցը», «Խաղաղասեր Առանշահիկները Հայոց վարչաքաղաքական և մշակութային պատմության մեջ» աշխատությունը: Ղեկավարում է իր հիմնադրած «Հասան-Ջալալյաններ» երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամը: 1992թ. նրա աջակցությամբ հիմնադրվել է գերմանական համայնքը և բացվել Հայաստանում ապրող գերմանացի արվեստի գործիչների ստեղծագործական նմուշների ցուցահանդեսը: