Zark Foundation

Ժասմեն

Ժասմեն

Դերասանուհի

7 հունիս, 1894 - 18 հունվար, 1978

Մարիամ Գրիգորյան
Ծնվել է Թիֆլիսում: Բեմ է բարձրացել 1909թ., Հավլաբարի «Նոր դրամա» թատրոնում, ապա խաղացել Արտիստական ընկերության թատրոնում: Նրա դերասանական արվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են Միրանույշը և Հովհաննես Աբելյանը: 1912թ. մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում, իբրև ազատ ունկնդիր ընդունվել Գեղարվեստական թատրոնի 1-ին ստուդիա, Գ.Բուրջալյանի ղեկավարությամբ պատրաստել Սալոմեի դերը` Օ.Ուայլդի «Սալոմե» պիեսում: 1913թ. Կիևում նկարահանվել է «Երջանկության բանալիները» ֆիլմում (Սոնյա): 1913թ-ից հանդես է եկել Հովհաննես Աբելյանի թատերախմբում, մարմնավորել հոգեբանական բարդ ապրումներով կերպարներ մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), «Չար ոգի» (Սոնա), Գ.Գեի «Տրիլբի» (Տրիլբի), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դեզդեմոնա), «Կամակոր կնոջ սանձահարումը» (Կատարինա) և այլն: 1917թ-ից մասնակցել է Բաքվի հայոց կուլտուրական միության թատերախմբի ելույթներին: Որպես գթության քույր 1918թ. մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը: Ադրբեջանի սովետական հայկական թատրոնի հիմնադիրներից է և առաջին ռեժիսորը (1920թ.): 1924-25թթ խաղացել է Երևանի «Հեղափոխության թատրոնում», 1925-49թթ` Բաքվի հայկական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Էփեմիա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Նատաշա), «Պատվի համար» (Մարգարիտ), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Լիդա), Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» (Լաուրենսիա), Ջաբարլիի «Սևիլ» (Սևիլ), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կատերինա), «Անմեղ մեղավորներ» (Կրուչինինա) և այլն: 1959-67թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում, կատարել Կրուչինինայի և Մեծ մայրիկի (Դ.Դեմիրճյանի «Վարդանանք») դերերը: Ռեալիստորեն մարմնավորած կերպարներում արտահայտվել է կնոջ պայքարն ազատության ու անկախության համար: Դերակատարումները եղել են հոգեբանորեն համոզիչ, ներգործուն, բուռն ապրումներով հագեցված: Նրա արվեստին բնորոշ է բեմական խոսքի բարձր կուլտուրան, հարուստ դիմախաղը, համր տեսարանները խաղով լրացնելու վարպետությունը: Եղել է Ադրբեջանի ԽՍՀ 1-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1935թ. արժանացել է Ադրբեջանի, 1963թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: