Ծնվել է Էջմիածնում: 1947թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1953թ.` Երևանի գեղարվաստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1956թ-ից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում: Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է: Մի քանի տարի աշխատել է Մոսկվայում և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդրել է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ, որտեղ եղել է և՛ ռեժիսոր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող: Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները` ամանորյա հանդեսը 1957թ. հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն: Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի` «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև ռեժիսորի մասնագիտական մոտեցումներով: Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել է նրա արտաստուդիական կադրերը` բնության պատկերներով, որոնք հեռուստատեսության առաջին կինոնկարահանումներն են: Նրա նկարահանած առաջին կինոնկարը, որը նաև հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմն է, «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ նրա առաջին բեմադրությունը` «Դեպք անտառում», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանն ու Իշխան Ղարիբյանը: 1958թ. բեմադրել է հայկական առաջին խաղարկային հեռուստաֆիլմը` «Դեպի բարձունքներ», որը նվիրված էր դպրոցականներին: Բեմադրել է երեսունից ավելի փաստագրական և խաղարկային ֆիլմեր, որոնցից են` «Ձորի Միրո», «Ջրհորի մետ», «Շրթներկ համար 4», «Պոեմ հերոսական» և այլն: Եղել է պրոֆեսոր: 1989թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: