Zark Foundation

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն

Համույթներ

Ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Երևանում: Կազմակերպության գործունեության հիմնական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության և պարարվեստի ոլորտներում միասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, միջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին: Կենտրոնի կազմում ընդգրկված են Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը (1938թ.), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958թ.), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (2005թ.), Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը (1987թ.), Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը (1974թ.): 2022թ-ից կենտրոնը ղեկավարում է պրոդյուսեր Արմեն Սարգսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԼԹՈՒՆՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ
Հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիր են եղել կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը: Անսամբլն ի սկզբանե կոչվել է Ժողովրդական երգի-պարի անսամբլ: Անսամբլը կազմված էր ժողովրդական արվեստը ներկայացնող երաժիշտներից, երգիչներից և պարողներից և միակն էր իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում: Թաթուլ Ալթունյանը Հայաստանի տարբեր շրջաններից հավաքելով ժողովրդական երգն ու պարը` մաքրելով, զտելով դրանք օտարամուտ տարրերից, հղկել, բազմաձայնել, համերգային, բեմական կյանք է պարգևել և վերադարձրել ժողովրդին: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում համույթի ղեկավարությունը ստանձնեցին մարդիկ, ովքեր հանձն առան երգի-պարի անսամբլի նորացմանը, բարեփոխումներին` պահպանելով ալթունյանական մշակութային ժառանգությունը, անսամբլի ազգային դիմագիծը` ներգրավելով համերգային ծրագրի մեջ երաժշտական թատերականացված, էպիկական շնչով համարներ: 1970 թվականին անսամբլի գեղարվեստական ղեկավար է դարձել կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, ում ղեկավարման օրոք անսամբլի խաղացանկը համալրվեց երաժշտական թատերականացված համարներով: 1974թ. անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվել է կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը, իսկ անսամբլն անվանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Թաթուլ Ալթունյանի անվան: Այդ տարիներին անսամբլի ծրագիրը հարստացել է հեղինակային, ժողովրդական ոգով գրված բազմաթիվ ստեղծագործություններով: 1977թ-ից անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է խմբավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Էմմա Ծատուրյանը, ով անսամբլի ազգային դիմագիծը պահպանելով, կատարել է ստեղծագործական նոր քայլեր` բխող արդիականության պահանջներից: 1987թ. անսամբլի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Թաթուլ Ալթունյանի որդին՝ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը: Անսամբլի ծրագրում տեղ են գտել ալթունյանական ոճին հոգեհարազատ, բայց և ինքնատիպ մշակումներ: 1991-97թթ անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը: Այդ տարիներին անսամբլի երկացանկում ընդգրկվել են ժամանակի կողմից թելադրված, հայրենասիրական, ազգային-ազատագրական թեմաներով երգեր և պարեր: 1998թ. անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է դիրիժոր-խմբավար Հենրի Մանգասարյանը: Լինելով ինքնատիպ մտածողության արվեստագետ` հեղինակել է Հայաստանի տարբեր շրջանների երգեր և պարեր, նվագախմբային ստեղծագործություններ, մշակումներ: 2004-20թթ անսամբլի գեղարվեստական ղեկավարն է եղել Թաթուլ Ալթունյանի մյուս որդին՝ դիրիժոր Ժիրայր Ալթունյանը, ով աշխատել է պահպանել և կատարել նախորդ ղեկավարների կողմից ստեղծած լավագույն ծրագրերը և նոր ոճի մեջ ներկայացնել այսօրվա անսամբլի համերգային երկացանկը: 2020թ-ից համույթի գեղարվեստական մասի պատասխանատվությունը ստանձնել է դիրիժոր Գրիգոր Ոսկանյանը, ում ջանքերով անսամբլը շարունակել է ծավալել իր ստեղծագործական լայն գործունեությունը՝ ծրագրում ընդգրկելով ժանրային փոփոխված համարներ: Տարբեր տարիների անսամբլի գլխավոր բալետմայստերներն են եղել Էդվարդ Մանուկյանը, Ազատ Ղարիբյանը, Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Աշոտ Ասատրյանը, Արտյուշա Կարապետյանը, Վարդգես Ռաշիդյանը, Ռաֆայել Պողոսյանը, Փայլակ Սարգսյանը: 2000թ-ից պարուսույց, Հայաստանի ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը հրավիրվել է անսամբլ որպես պարային խորհրդատու, ով իր բազմաթիվ բեմադրություններով հարստացրել է անսամբլի երկացանկը: 2008-21թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանը, 2021-23թթ՝ Գարիկ Խաչիկյանը: Տարիներ շարունակ անսամբլի գործիքային մասի ղեկավարներն էին ՀՀ ժողովրդական արտիստներ Ալեքսանդր Ալեքսանդրյանը, Հակոբ Ոսկանյանը, արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանը, վաստակավոր արտիստ Ռուբեն Ալթունյանը, կոմպոզիտորներ Գևորգ Մանասյանը, Հայկ Գրիգորյանը, Հայկազ Հակոբյանը: Անսամբլի կազմում հանդես են եկել այնպիսի հանրաճանաչ արտիստներ, ինչպիսիք են` Լուսիկ Քոշյանը, Աստղիկ Քամալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Անժելա Շահնաբաթյանը, Պավլինե Բուռնազյանը, Թովմաս Պողոսյանը, Ալբերտ Սարգսյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը և այլք: Անսամբլի պատմության ընթացքում ներկայացվել են հետևյալ ստեղծագործությունները՝ ժողովրդական «Յաման յար», «Քոչարի», «Կենաց երգ», «Հայոց աղջիկներ», «Թամզարա», «Վաղարշապատ», «Դարձյալ փայլեց», «Գյուլում ջան», «Հոյ իմ նազանի յարը», «Հոյ նար», «Մոկաց հարսներ», «Շուշան ջան», «Ղափամա», հայրենասիրական «Զարթի՛ր լաո», ազգային երգ ու պարի շարան «Նավասարդ», Գ.Մանասյանի «Տոնական», Կ.Պետրոսյանի «Հայաստան», Սայաթ-Նովայի «Յիս քու ղիմեթըն չիմ գիդի», Գուսան Աշոտի «Զով արեք», «Ով սուրբ մայրեր», Ա.Խաչատրյանի «Լեռնցիների պարը», «Սուսերով պար», Ա.Բաբաջանյանի «Սերենադ», «Էլեգիա», Խ.Ավետիսյանի «Կռունկներ», «Հովվի երգը և հոտաղների պարը», «Իմ եղեգն», Հ.Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ», Ռ.Աբրահամյանի «Ելեք հայկազունք», Վ.Կոտոյանի «Սևանի ձկնորսների պարը», Ա.Տիգրանյանի «Լոռվա պատկերներ», Ա.Սմբատյանի «Հայաստան», Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ», Ա.Հեքիմյանի «Բարի արագիլ», Թ.Ալթունյանի «Հոպինա», Ա.Հարությունյանի «Սասունցիների պար», Գ.Երանյանի «Կիլիկիա», Աշուղ Շերամի «Պարտեզում վարդ է բացվել» և այլն: Անսամբլը հարուստ է նաև իր տարազների բազմազանությամբ և յուրօրինակությամբ` շնորհիվ հանրաճանաչ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Խաչատուր Եսայանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ֆլորա Գրիգորյանի, Աշոտ Համբարձումյանի, Ռուբինէ Հովհաննիսյանի և այլոց: Անսամբլը հյուրախաղերով 1944թ. հանդես է եկել Իրանում, 1957թ.՝ Ալբանիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, 1959թ., 1964թ.՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, 1971թ.՝ Հարավսլավիայում, 1974թ.՝ Սենեգալում, Լիբերիայում, 1978թ.՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, 1984թ.՝ Կանադայում, 1985թ.՝ Անգլիայում, Պորտուգալիայում, 1987թ.՝ Ավստրիայում, Շվեդիայում, 1988թ.՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Սիրիայում, 2003թ.՝ Իրաքում, Չինաստանում, 2014թ.՝ Հոլանդիայում, Դանիայում, Հարավային Կորեայում, 2016թ.՝ Իտալիայում, 2018թ.՝ Թուրքիայում, Իրանում, 2022թ.՝ Վրաստանում: 1950թ. նոյեմբերի 28-ին անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման, 2011թ. և 2018թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական համույթ» կոչման: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2023-24թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել պարուսույց Հարություն Կարապետյանը։ 2023թ-ից անսամբլի երաժշտական մասը ղեկավարում է Գարեգին Առաքելյանը, 2024թ-ից գլխավոր բալետմայստերն է Նունե Գրիգորյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ
Կազմավորվել է 1958 թվականի հոկտեմբերի 15-ին Գեորգի Ասատուրյանի, բալետմայստեր Էդվարդ Մանուկյանի և կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել ազգային պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։ Սկզբնական շրջանում հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել են 16 տղա, 14 աղջիկ և 8 երաժիշտ: Անսամբլի առաջին համերգային ծրագրի ստեղծման գործում անգնահատելի ավանդ են ունեցել նաև բալետմայստերներ Իլյա Արբատովը (Յաղուբյան) և Վարդգես Ռաշիդյանը։ Ինքնատիպ մեկնաբանությամբ են բեմադրվել «Սասունի պարերը», «Բերդը», «Սրերով պարը», «Շորորը», «Զանգեզուրը», «Կովկասյան պարը», «Մաշիկներով պարը» և այլ պարեր՝ պահպանելով հայկական ժողովրդական պարերի ավանդույթները: Ստեղծումից մեկ տարի հետո՝ 1959թ-ից անսամբլը սկսեց հյուրախաղերը սկզբում խորհրդային երկրներում, հետո` Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում և այլուր։ 1968թ. Էդվարդ Մանուկյանին փոխարինել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բալետմայստեր Վանուշ Խանամիրյանը՝ որպես անսամբլի գեղարվեստական ղեկավար, ում ղեկավարման տարիներին անսամբլում բեմադրվել են շուրջ 120 պարային համարներ, որոնք երկար տարիներ մնացել են անսամբլի պարացանկում. դրանցից են՝ «Կինտոների պար», «Հոտաղների պար», «Սարդարապատ», Ա.Սպենդիարյանի «Էնզելի», Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», «Ուզունդարա», «Լեզգինկա», Խ.Ավետիսյանի «Քարավան», «Կակաչներ», Կոմիտասի «Վաղարշապատի պար», «Սասուն» ազգագրական պարերի շարք և այլն: Նրա ղեկավարությամբ անսամբլն այդ տարիներին չորս անգամ մասնակցել է մոսկովյան համագումարներին, հինգ անգամ էլ՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին: 1971թ. նշանակալից են եղել անսամբլի հյուրախաղերը Լատինական Ամերիկայի երկրներում՝ Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Պերու, Էկվադոր, Բոլիվիա, Կոլումբիա, Վենեսուելա։ Այնուհետև հյուրախաղերով հանդես են եկել Կանադայում և մի շարք եվրոպական երկրներում` Դանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Շվեյցարիայում և այլուր: 1974թ. անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տասնմեկ նահանգների մի շարք քաղաքներում։ Անսամբլում պարել են այնպիսի տաղանդավոր արտիստներ, ինչպիսիք են՝ Ռաշիդ Կարապետյանը, Զեմֆիրա Երիցյանը, Մինաս Խաչատրյանը, Աիդա Հարությունյանը, Հարություն Կարապետյանը, Լևոն Գասոյանը, Ալբերտ Կիզիրյանը, Ժասմենա Ավետիսյանը, Կարինե Ղազարյանը, Սոֆի Դևոյանը, Սերժ Պոտոյանը, Սուրեն Չանչուրյանը, Նորայր Մեհրաբյանը, Գագիկ Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Վյաչեսլավ Անգուրովը, Սոնա Ղազարյանը, Պետրոս Ղարիբյանը և այլք: 1993-2005թթ Պարի պետական անսամբլը ղեկավարել է առաջատար պարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սուրեն Չանչուրյանը: 1995-98թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Գագիկ Կարապետյանը, իսկ 2005-07թթ` գեղարվեստական ղեկավարը: Նրա ղեկավարման տարիներին բեմադրվել են «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Նինո», «Հովիվներ», «Ազգագրական պարերի շարան», «Լեզգինկա», «Քոչարի», «Ուրմեցիներ», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլ պարային համարներ: 2007-23թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Կարապետյանը: 1976թ. անսամբլը դարձել է Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, իսկ 1978թ. արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2023-24թթ անսամբլի գլխավոր բալետմայստերն է եղել Ասատուր Քալաշյանը: Անսամբլի երաժշտական մասը 1999թ-ից ղեկավարում է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյանը: 2024թ․ անսամբլի գլխավոր բալետմայստեր է նշանակվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Ստեղծվել է 2005թ. ապրիլի 30-ին կոմպոզիտոր Արա Գևորգյանի և դիրիժոր Նորայր Դավթյանի նախաձեռնությամբ: Սկզբից ևեթ այն առաքելություն է ստանձնել պահպանելու և զարգացնելու Հայաստանում վաղուց ի վեր ձևավորված ժողովրդական նվագախմբային կատարողական արվեստի ավանդույթները: Իր գործունեությամբ նվագախումբը կամրջել է ժամանակները և ապահովել հին և նոր սերունդների փոխկանչը ու շարունակական երթը: Բարձրագույն կոնսերվատորիական և ասպիրանտական կրթությամբ շուրջ 40 երաժիշտ-կատարողներից բաղկացած նվագախմբի երկացանկը ներառում է թե՛ անցյալի հայկական ժողովրդական ու աշուղական մեղեդիների ժամանակակից մշակումներ, թե՛ արդի հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ: Հայկական ազգային նվագարանների միջոցով միաժամանակ մատուցվել են եվրոպական կոմպոզիտորների (Բիզե, Բրամս, Պիացոլլա և այլք) ստեղծագործություններ` դրանց հաղորդելով յուրօրինակ գրավչություն և նորօրյա շունչ: Գործունեության ընթացքում նվագախումբը համագործակցել է ժողովրդական և էստրադային հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, իսկ շատ երիտասարդ սկսնակ կատարողների համար հարթել հայտնիության ճանապարհ: Նվագախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ոչ միայն երևանյան համերգասրահներում, այլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում: Բարեգործական համերգներով հանդես է եկել ծերանոցներում և ՀՀ զինվորական հաստատություններում, մասնակցություն ունեցել երաժշտական մի շարք նախագծերին («Ժողովրդական երգիչ», «Ժողովրդական տասնյակ», «Բենեֆիս» և այլն), «Հայաստան» համահայկական փառատոնին, տարբեր արտիստների ձայնասկավառակների թողարկմանը, որոնցից է «Առավոտ Լուսո» ձայնասկավառակը, որն ընդգրկում է բազմաբնույթ նվագախմբային ստեղծագործություններ` պիեսներ, ֆանտազիա, ռապսոդիա և այլն: Նվագախմբի հետ կայացել են ամերիկացի երգիչ Դանիել Դեքքերի, լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանի մենահամերգները: Տարբեր համերգների մասնակցել է նաև ստամբուլահայ երգչուհի Սիբիլը: Իրականացվել է կանադահայ երգահան Գրիգոր Բանանցի ստեղծագործություններից կազմված հեղինակային համերգ: Նվագախումբը կազմակերպել է նաև հոբելյանական երեկոներ` նվիրված հայ անվանի արվեստագետներին` Վլադիլեն Բալյանին, Մանվել Բեգլարյանին, Խաչատուր Ավետիսյանին, Հովհաննես Բադալյանին և այլոց: Համագործակցել է հանրահայտ երգիչ-երգչուհիների հետ, ինչպես նաև տարբեր կրթական և մշակութային կառույցների հետ: Մասնակցել է մի շարք պետական միջոցառումների համերգային ծրագրերին: Համերագային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքմենստանում: Նվագախմբի կազմում ընդգրկված են հետևյալ ազգային երաժշտական գործիքները` թառ, քամանչա, ուդ, դուդուկ, քանոն, սանթուր, շվի, սրինգ, դհոլ այլն: Նվագախումբն Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ժողովրդական համույթ» մրցանակին: 2022թ. Հանրային ռադիոյի ֆոնդի համար ձայնագրվել է 7 ստեղծագործություն՝ Խ.Ավետիսյանի «Տոնական նախերգանք», «Կոնցերտ» շվիի համար, Գ.Հախինյանի «Պարային սյուիտ» /1-4-րդ մասեր/, Ա.Ներսիսյանի «Դլե յաման», Ժ.Բիզեի նախերգանքը «Կարմեն» օպերայից, Ա.Խաչատրյանի «Սուսերով պար», Ա.Գևորգյանի «Նաիրուհի»: 2023թ. նվագախումբը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում, որը ղեկավարում է պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: Նվագախմբի երաժշտական ղեկավարն է Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ
1987թ. դեկտեմբերի 17-ին բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բարեկամություն» պետական անսամբլը: Առաջին օրվանից անսամբլը հանրությանը գրավել է իր բազմաժանր պարացանկով, տարբեր ազգերի ժողովրդական պարերի վառ շարքով՝ ի նշան խորհրդային երկրների բարեկամության: Հայկական ազգային պարը անսամբլի միջոցով ներկայացվել է հանդիսատեսին դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ Նորայր Մեհրաբյանի բեմադրությունները ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Հայկական պարերը բեմադրվել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ռուբեն Ալթունյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Գրիգոր Հախինյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումների հիման վրա: Բացի ժողովրդական, հայ դասական կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների վրա բեմադրված պարերից, բեմադրվել են նաև պարային համարներ Մոցարտի, Ա.Բորոդինի, Էլթոն Ջոնի, Կառլ Օրֆի և այլ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա: Անսամբլում բեմադրվել են հետևյալ պարերը՝ «Հոյ Նազան», «Ալ-Այլուղս» «Ազգագրական պարերի շարք», «Գյումրվա շորոր», «Սիրեցի, յարս տարան», «Թամզարա», «Մեր Դարը», Ա.Խաչատրյանի «Լեռնեցիներ», «Վարդագույն աղջիկներ», «Լեզգինկա», «Գարուն Երևան», «Ուզունդարա», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Չինարես», Խ.Ավետիսյանի «Զարթոնք», Ա.Բաբաջանյանի «Նոկտյուրն», Ռ.Ամիրխանյանի «Հայի աչքեր», Խ.Ներսիսյանի «Խաղ-պար», Տ.Մանսուրյանի «Մեղեդի», «Գարուն», Ա.Տերտերյանի «Եռաբլուր», Գ.Երանյանի «Կիլիկիա», Սայաթ-Նովայի «Էշխեմեդ», «Աշխարհումս», Գ.Եղիազարյանի «Վաղարշապատ» և այլն: Բեմադրվել են նաև այլ ազգերի պարեր՝ ուկրաինական, լիտվական, վրացական, մոլդավական, գնչուական, ռուսական, ուզբեկական, հունական, արաբական, հրեական, իսպանկան, հնդկական, բելոռուսական, իտալական, բուլղարական, Գ.Հախինյանի «Լոռեցի Սաքոն», Ա.Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Ա.Բորոդինի «Պոլովեցյան պարեր», Ռ.Դավթյանի, Գ.Եղիազարյանի, Է.Բաղդասարյանի «Մարո», Ա.Խաչատրյանի «Շամիրամի տեսիլքը», Կոմիտսաի, Ա.Հովհաննեսի, Յ.Բախի «Արշիլ Գորկի» մեկակտանի խորեոգրաֆիկ նեկայացումները, Էլթըն Ջոնի «Ճանապարհ», Լորիս Ճգնավորյանի «Վերջին Կենտավրոսի մահը», Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա», Ավետիս Բերբերյանի «Մենություն» բեմադրությունները: Հյուրախաղերով անսամբլը հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում՝ Իրան, Չինաստան, Լիբանան, Ֆրանսիա, Իսրայել, ԱՄԷ, Ռուսաստան, Անգլիա, Սիրիա, Հնդկաստան, Գերմանիա, Ուկրաինա, ԱՄՆ, Եգիպտոս: 2009թ. անսամբլը ներգրավվել է «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքներում /բեմադրիչ` Յուրի Գրիգորովիչ/: 2008թ. անսամբլն արժանացել է «Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ» կոչման: 2013թ. անսամբլը մասնակցել է «Super Dance from folk to modern» պարի միջազգային փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակի։ 2015թ. իրականացրել է «Երգենք և պարենք հանուն խաղաղության» փառատոնը, որի շրջանակներում կազմակերպվել է «Բարեկամութան կամուրջներ» խաղաղասիրական համերգը` Եվրոպայից և Արևելյան գործընկերության 8 երկրներից ժամանած 40 երիտասարդ արտիստների մասնակցությամբ: Նույն թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում շվեդական արքայական բալետի և Բավարիայի պետական բալետի առաջատար մենապարողների մասնակցությամբ «Հզոր զգացմունքներ» պարային շոուի հետ ներկայացել է «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերայով: 2019թ. անսամբլ պետական այցով մեկնելլ է Պեկին` մասնակցելու «Ասիական քաղաքակրթական ֆորում» գալա-համերգին: Նույն թվականին Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ներկայացրել է պրեմիերա՝ «Մարո» պոեմի հիման վրա ստեղծված համանուն մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2021թ. անսամբլի պարացանկը համալրվել է «Լույս ի լուսո» խորեոգրաֆիկ ներկայացումով՝ նվիրված ղարաբաղյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին, իսկ ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված պետական միջոցառման շրջանակներում ներկայացրել է պրեմիերա՝ «Անկախության կերտում» բեմադրությունը: 2022թ. «Էքսպո 2020 Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսում անսամբլը ներկայացրել է պրեմիրերա` առասպելաբանական հնագույն վեպի հիման վրա ստեղծված «Լեգենդ Հայկի մասին» մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումը։ Անսամբլում խորեոգրաֆիկ բեմադրություններ է իրականացրել նաև բալետի արտիստ, բալետմայստեր Արսեն Մեհրաբյանը: 2022թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում։ 2024թ․ անսամբլի գեղարվեստական մասով խորհրդական է նշանակվել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանն, իսկ գլխավոր բալետմայստեր՝ Զոհրաբ Բակալյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈՒՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ
Ստեղծվել է 1974 թվականի ապրիլի 4-ին բանահավաք, ազգագրագետ Մարո Մուրադյանի կողմից: 1977թ. աշնանը Երևանի պետական համալսարանում կայացած առաջին ելույթին հաջորդած համերգների արդյունքում այն նվաճել է ունկնդրի սիրտը՝ դառնալով հայ ազգային երգի ջահակիրը: Համույթում ընդգրկված էր Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Սասունից, Շատախից և այլ վայրերից 1915թ-ին տեղահանված բնիկ հայերի առաջին կամ երկրորդ սերնդի շուրջ 25 անդամ: 1979թ. խումբը հրավիրվել է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունեցել: 1981թ. համույթը պաշտոնապես դարձել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթը, որից հետո սկսվել են նկարահանումներ և ձայնագրություններ: Ռուսաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրել է հաղորդաշարերի: «Ակունք»-ի մասնակցությամբ նկարահանվել են վավերագրական ֆիլմեր՝ «Երգի ակունքներում», «Տարոն աշխարհ», «Երգի վերադարձը»: Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանացել է մրցանակի: 1981թ-ից սկսվել են համույթի համերգային շրջագայություններն արտերկրում. 1981թ.՝ Արևմտյան Գերմանիա, 1982թ.՝ Ալմա-Աթա, Կիև, 1983թ.՝ Մոսկվա, 1984թ.՝ Դոնի Ռոստով, 1987թ.՝ ԱՄՆ և Կանադա, 1988թ.՝ Մոսկվա, 1991թ.՝ Իտալիա, 1996թ.՝ Սիցիլիա, 2000թ.՝ Թուքմենստան, 2001թ.՝ Հնդկաստան, 2002թ.՝ Բելգիա և Գերմանիա, 2009թ.՝ Սիրիա և Արևմտյան Հայաստան, 2011թ., 2015թ.՝ Արևմտյան Հայաստան, 2017թ.՝ Եգիպտոս, 2021թ.՝ Մոսկվա, 2023թ.՝ Սանկտ Պետերբուրգ, Սոչի: Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հիմնած «Ներսես Մեծ» հիմնադրամի միջոցով համույթն իրականացրել է երեք խոշոր ներկայացումներ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմերում՝ «Սուրբ Կարապետ», «Վարագա սուրբ խաչ», «Կարոս խաչ»: Հետագայում նաև նկարահանվել է «Սուրբ Կարապետ» երաժշտական ֆիլմը՝ «Ակունք»-ի մասնակցությամբ: Խմբի ծրագրերում ներառվել են պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների և տարբեր ժանրերի երգեր ու պարեր: 2007թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին: 2016թ. ստացել է պետական կարգավիճակ՝ հավատարմորեն իրականացնելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները պահպանողի ու զարգացնողի առաքելությունը, իսկ համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրեց 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը: Այսպիսով, համույթի երգացանկը համալրվելով, փաստորեն ներառել է Արևելյան և Արևմտյան պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջանների երգերը՝ հարսանեկան, տոների (Ծաղկի տոն, Ամանոր, Վարդավառ, Բարեկենդան), աշխատանքային (սանդի, խնոցու, իլիկ մանելու, ճախարակի, հացի արարման բոլոր փուլերի և այլն) երգեր, օրորոցայիններ, կատակերգեր, մանկական երգեր, սիրերգեր, պարերգեր, էպոսի, պատմական, հայրենասիրական, քնարական երգեր և այլն: Այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը: 2023թ. համույթը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում, որը ղեկավարում է պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: