Zark Foundation

Ժորժ Փիթոև

Ժորժ Փիթոև

Դերասան, բեմադրիչ

4 սեպտեմբեր, 1884 - 17 սեպտեմբեր, 1939

Գեորգի Փիթոյան
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է առևտրական, բարերար Եգոր Փիթոևի թոռը, թատերական գործիչ Իվան Փիթոևի որդին, դերասանուհի Լյուդմիլա Փիթոևայի ամուսինը: 1905թ-ից հաստատվել է Փարիզում, ուր ստացել է իրավաբանական կրթություն։ Բեմական առաջին քայլերն արել է հոր կազմակերպած Ռուսական արտիստական ակումբում։ 1908թ., վերադառնալով Ռուսաստան, Պետերբուրգում աշխատել է Վ.Կոմիսարժևսկայայի, ապա՝ Պ.Գայդեբուրովի և Ն.Սկարսկայայի ղեկավարած շրջիկ դրամատիկական թատրոններում։ 1912թ. կազմակերպել է «Մեր թատրոնը»՝ բեմադրելով Ա.Պուշկինի, Լ.Տոլստոյի, Վ.Շեքսպիրի, Մոլիերի և այլոց երկերը, ցուցադրել Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում։ 1915-22թթ ստեղծագործել Է Շվեյցարիայում, խաղացել է ֆրանսերեն: Բեմադրել է Հ.Իբսենի «Հեդդա Գաբլեր» (1915թ.), Ա.Բլոկի «Բալագանշչիկ» (1916թ.), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (1917թ.), Վ.Շեքսպիրի «Համլետ» (1920թ.) և այլ պիեսներ։ Ապա ապրել է Փարիզում, ուր ղեկավարել է թատերախումբ: Բեմադրություններից են՝ Մ.Գորկու «Հատակում» (1922թ.), Լ.Պիրանդելլոյի «Վեց գործող անձ հեղինակի որոնումներում» (1923թ.), Վ.Կիրշոևի «Հրաշալի ձուլվածք» (1931թ.) և այլն։ Եղել է 1920-30-ական թվականների ֆրանսիական թատրոնի խոշորագույն գործիչներից։ Հաստատել է պոեզիայով և մարդասիրությամբ տոգորված թատերարվեստ, հանդես եկել հանուն ժողովրդին մոտ թատրոնի ստեղծման։ Նրա ստեղծագործության բարձունքը եղել է Համլետի դերը (Վ.Շեքսպիրի «Համլետ»), որը խաղացել է իր բեմական ողջ կյանքում։ Լինելով Կ.Ստանիսլավսկու սիստեմի հետևորդը՝ զարգացրել է ռուսական ռեալիստական արվեստի սկզբունքները, մեծ տեղ տվել հոգեբանական ռեալիստական արվեստին, բեմի և հանդիսատեսի կապն ուժեղացնելու նպատակով՝ իր ստեղծած դեկորացիաներով պարզեցրել բեմական ձևավորումը, նուրբ արվեստով միահյուսել երաժշտությունը, լուսավորությունը, ձայնը։ 1937թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի։ Մահացել է Ժնևում: